‘
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի կարծիքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը եվրոպական առաջնորդների սխալ հաշվարկների ճակատագրական արդյունքն էր, ովքեր թերագնահատեցին Ադոլֆ Հիտլերի քաղաքականության հնարավորությունները: Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը, Գերագույն ռադայի՝ Եվրոպայում նացիզմի դեմ հաղթանակի 70-ամյակին և Երկրորդ համաշխարհային պատերազմում ուկրաինացի ժողովրդի ունեցած դերին նվիրված նիստում:
«Դա հնարավոր էր կանխարգելել, եթե գլուխները չթաղեին ավազի մեջ և պատրանքներ չունենային»,- ասել է Պոռոշենկոն:
Նա նաև հայտարարել է, թե ոչ ոք իրավունք չունի մենաշնորհել նացիզմի դեմ հաղթանակը:
Նրա խոսքով՝ «առանց Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի՝ հնարավոր չէր լինի հաղթել պատերազմում»: «Մենք իրավամբ հպարտանում ենք նացիզմի դեմ պայքարում մեր պապերի ու նախապապերի ներդրած ավանդով: Մեր ծանրակշիռ ավանդի ճանաչումը նացիզմի դեմ հաղթանակում դարձավ Ուկրաինայի միացումը ՄԱԿ-ի հիմնադիր երկրների շրջանակին»,- ասել է Պոռոշենկոն: Փոխանցում է ТАСС-ը:
‘