‘
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Գերագույն Ռադայի քննարկմանն է ներկայացրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, տեղեկացնում է ուկրաինական խորհրդարանի պաշտոնական կայքը:
Ուկրաինան Եվրամիության հետ ստորագրել է ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը` խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին պայմանագիրը հունիսի 27-ին:
Նախատեսվում է, որ Ռադան ու Եվրախորհրդարանը միաժամանակ կվավերացնեն համաձայնագիրը սեպտեմբերի 16-ին:
Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ ԵՄ-ը եւ Ուկրաինան համաձայնել են ասոցացման համաձայնագրի կիրառությունը հետաձգել մինչեւ 2015-ի դեկտեմբերի 31-ը:
Եվրամիության հետ Կիեւի մերձեցման գործընթացը նախկինի պես անհանգստացնում է Մոսկվային: Վլադիմիր Պուտինն այսօր խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում, ըստ Պուտինի մամլո խոսնակի, քննարկվել են համաձայնագրի` Ռուսաստանի եւ Ուկրաինայի տնտեսությունների վրա հնարավոր բացասական հետեւանքների հարցը:
‘