‘
ԱՄՆ ապագա նախագահը պետք է հրաժարվի գերիշխանության և Ռուսաստանը մեկուսացնելու քաղաքականությունից, իսկ թե դա կլինի դեմոկրատ, թե հանրապետական, Վաշինգտոնի հետ Մոսկվայի հարաբերությունների տեսակետից այնքան էլ կարևոր չէ, կարծում է ՌԴ պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
ԱՄՆ նախագահի ընտրությունները կայանալու են 2016 թ. աշնանը: Հաղթանակի հասնելու ամենալուրջ թեկնածուներից մեկը փորձագետները համարում են Հիլարի Քլինթոնին, ով ընտրապայքարի մեջ մտնելու իր մտադրությունը հայտնել է ապրիլի 12-ին: Քլինթոնը կդառնա առաջին և, ըստ երևույթին՝ միակ իրական թեկնածուն Դեմոկրատական կուսակցությունից: Ավելի վաղ նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին հայտարարել են հանրապետականներ Թեդ Քրուզը և Ռենդ Փոլը, իսկ երկուշաբթի նրանց է միացել Մարկ Ռուբիոն: Հանրապետականների կողմից ևս մի թեկնածու կարող է դառնալ Ֆլորիդայի նախկին նահանգապետ, ԱՄՆ նախկին նախագահներ Ջորջ Բուշ-ավագի որդի և Ջորջ Բուշ-կրտսերի եղբայր Ջեբ Բուշը: Եթե դա տեղի ուենանա, ապա առաջիկա ընտրությունները չափազանց ուշագրավ «ընտանեկան» երանգավորում կստանան՝ երկրորդ Քլինթոնն ընդդեմ երրորդ Բուշի:
«Ռուսաստանի համար ամենանախընտրելի վարչակազմը՝ դեմոկրատական թե հանրապետական, ըստ իս՝ սկզբունքային նշանակություն չունի: Ցավոք՝ արտաքին գործերում ԱՄՆ-ի պրագմատիկ մոտեցման ձգտում մենք չենք տեսնում»,- ասել է Պուշկովը «Россия 24» հեռուստատեսության եթերից՝ պատասխանելով այն հարցին, թե ով է ռուս-ամերիկյան փոխհարաբերությունների տեսակետից ԱՄՆ հաջորդ նախագահի նախընտրելի թեկնածուն: Փոխանցում է ria.ru-ն:
‘