‘
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի գործը, հայտարարել է, թե նա ռուսաստանցի միակ մշակույթի գործիչը չէ, որ հայտնվել է հետաքննության տակ, և չի կարելի մարդկանց ազատ արձակել միայն այն բանի համար, որ նրանք աշխատում են մշակույթի ոլորտում:
«Մեզ մոտ, որքան գիտեմ, գուցե ինչ-որ բան է փոխվել, Էրմիտաժի փոխտնօրենը հետաքննության տակ է, մշակույթի փոխնախարարը՝ նույնպես: Հիմա ի՞նչ, բոլորին ազա՞տ արձակեն, ինչ է թե աշխատում են մշակույթի ոլորտում: Երևի դա տարօրինակ կլիներ, չէ՞»,- ասել է Պուտինը Չինաստանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Պուտինը պնդել է, որ Սերեբրեննիկովի գործում քաղաքականություն և գրաքննություն չկա, այլ միայն՝ պետական միջոցների վատնման հարց: «Մեղավոր է նա թե ոչ՝ կպարզի միայն դատարանը»,- հավելել է նախագահը:
Փոխանցում է BBC-ն:
‘