‘Պուտինը ԱՄՆ-ին մեղադրել է չեչեն գրոհայիններին աջակցելու և «Ալ-Քաիդան» ստեղծելու մեջ’

2339

Ամերիկյան Showtime հեռուստատեսությամբ երկուշաբթի ցուցադրվել է Վլադիմիր Պուտինի մասին Օլիվեր Սթոունի փաստագրական ֆիլմի առաջին մասը: Ռուսաստանի նախագահը պատմում է ոչ միայն իր քաղաքական հայացքների, այլև կենսագրության որոշ դրվագների մասին, որոնք նախկինում հայտնի չեն եղել մամուլին:

ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հարցազրույցի հիմնական թեմաներից մեկն են եղել: Պուտինի խոսքով՝ ամերիկյան արտաքին քաղաքականությունը թելադրվում է «կայսերական մտածողությամբ», ինչը «խափանումների է հանգեցնում, խնդիրներ ծնում»:

ՌԴ նախագահը հայտարարել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները Չեչնիայում աջակցել են գրոհայիններին՝ Ռուսաստանում ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու համար: «Մեր մեջ միանգամայն կայուն կարծիք ձևավորվեց, որ մեր ամերիկյան գործընկերները խոսքով ասում են Ռուսաստանին աջակցելու մասին, իսկ իրականում ահաբեկիչներին օգտագործում են Ռուսաստանում ներքաղաքական իրավիճակը սրելու համար»,- ասել է Պուտինը: Սթոունի այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանն ապացույցներ ունի, Պուտինը պատասխանել է՝ «Իհարկե»:

Շարունակելով միջազգային ահաբեկչության թեման՝ Ռուսաստանի նախագահը ԱՄՆ-ին մեղադրել է «Ալ-Քաիդան» ստեղծելու մեջ: Նրա խոսքով՝ «ամերիկացիներն իրենք են աճեցրել թե՛ «Ալ_Քաիդան», թե՛ բեն Լադենին, բայց այդ ամենը դուրս եկավ նրանց վերահսկողությունից: Միշտ այդպես է լինում, և մեր ամերիկյան գործընկերները պետք է դա իմանային: Դա նրանց մեղքն է»,- ընդգծել է Պուտինը:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ջեյմս Մեթիս. Քաթարի ճգնաժամը հարկավոր է կարգավորել’
Հաջորդ հոդվածը‘Ռահմոնը կգա Հայաստան’