‘Պուտինը Բաքու կժամանի «Դաղստան» ռազմանավով’

844

Այս շաբաթ, 7 տարվա ընդմիջումից հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կժամանի Բաքու: Ինչպես քիչ առաջ հաղորդեց Կրեմլի պաշտոնական կայքէջը, ռուսաստանյան պետության ղեկավարի աշխատանքային այցը Ադրբեջան տեղի կունենա վաղը, թեև ավելի վաղ որոշ ռուսական լրատվամիջոցներ պնդում էին, թե այցը մեկնարկելու է այսօր: 

«Ազատություն» ռադիոկայանը նշում է, որ Պուտինի այս այցի ինտրիգը ոչ միայն ժամկետների մեջ է, այլև՝ երթուղու: Ըստ ռուսական աղբյուրների՝ այս անգամ Վլադիմիր Վլադիմիրովիչը Բաքու կհասնի ոչ թե ինքնաթիռով, այլ մարտական նավով` կտրելով Կասպից ծովը: Այն, որ ռուսական նավերն այսօր Բաքու են մտնելու, օրեր առաջ հաստատեց նաև այդ երկրում Ռուսաստանի դեսպանատունը՝ ընդգծելով, թե Կասպյան նավատորմի շքերթը նպատակ ունի ամրապնդել ու զարգացնել երկկողմ բարեկամական կապերը: Ադրբեջանական, ռուսական ու նաև թուրքական մի շարք լրատվամիջոցներ այժմ հաղորդում են, թե Պուտինը Ադրբեջան է գալիս հենց այս նավերի շքերթը գլխավորող հրթիռային «Դաղստան» ռազմանավով՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելու Ռուսաստանի հզորությունն ու կարողությունը Մոսկվայի համար առանցքային նշանակություն ունեցող Կովկասյան տարածաշրջանում:

Այցի մանրամասներից բացի, առայժմ մշուշոտ է նաև դրա օրակարգը: «Կարծում եմ՝ Ալիև — Պուտին հանդիպման հիմնական նպատակն է բարելավել երկկողմ հարաբերություններում առկա մթնոլորտն ու վերացնել բացասական նստվածքը, որն առաջացել էր Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման շուրջ անհամաձայնությունից ու Բաքու — Նովոռոսիյսկ նավթամուղի գործարկումը կասեցնելուց հետո», — «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ զրույցում ասել է ամերիկացի փորձագետ, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Ռաժանո Մենոն՝ հավելելով, որ, այդուամենայնիվ, հնարավոր է՝ որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեն էներգետիկ ոլորտում:

Ընդ որում, խոսելով Կրեմլի նկրտումներից՝ ադրբեջանցի վերլուծաբանները պատահական չեն համարում այն հանգամանքը, որ Պուտինը Բաքու է ժամանում հենց հիմա՝ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:

«Այցի ժամկետը շատ հաջող է ընտրված», — ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին անցած շաբաթ ասել է Ադրբեջանի ներկայիս առաջնորդ Իլհամի հոր՝ նախագահ Հեյդար Ալիևի միջազգային հարցերով խորհրդական Վաֆա Գուլուզադեն ու կանխատեսել, թե Մոսկվան  կփորձի իր համար շահեկան պայմանավորվածություններ կորզել՝ օգտվելով այն հանգամանքից, որ Ադրբեջանն այժմ գտնվում է ընտրության շեմին:

Նախորդ հոդվածը‘Թուրքիա. սպիրտային խմիչքների բոլոր շշերի վրա կհայտնվի «ԱԼԿՈՀՈԼԸ ՁԵՐ ԲԱՐԵԿԱՄԸ ՉԷ» մակագրությունը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում իշխող կուսակցության գրասենյակի առաջ ռումբ է պայթել’