‘Պուտինը հակասեմականության մեջ է մեղադրել Pussy Riot-ին ‘

1003

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Pussy Riot աղմկահարույց խմբի անդամներից մեկը Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում «պանկ-պատարագ» կազմակերպելուց առաջ հակասեմական սադրանք է կազմակերպել:

Նա այդ մասին ասել է այն բանից հետո, երբ Մերկելը հանդիպման ժամանակ նկատել է, որ Գերմանիայում խմբի աղջիկների արած քայլի համար դժվար թե ազատազրկումով պատժեին:

«Մենք լսում ենք մեր գործընկերներին: Բայց ախր նրանք մեզ մոտ կատարվածի մասին լսում են հեռվից: Իսկ գիտի՞ արդյոք տիկին կանցլերն այն մասին, որ այդ աղջիկներից մեկը ժամանակին բարձրացրել էր հրեայի խրտվիլակը եւ հայտարարում էր, թե այդպիսի մարդկանցից պետք է ազատել Մոսկվան», — ըստ BBC-ի,  հայտարարել է Պուտինը:

Մինչդեռ, Pussy Riot-ի անդամ Եկատերինա Սամուցեւիչը France Press-ին տված հարցազրույցում բացահայտել է, որ Պուտինն ինքը իրադարձությունները ներկայացնում է խեղաթյուրված տեսքով:

Ըստ նրա, 2008-ին «Վոյնա» խումբը, որի անդամն է եղել Pussy Riot-ի ներկայիս անդամ Նադեժդա Տոլոկոննիկովան, Մոսկվայի «Աշան» հիպերմարկետներից մեկում բեմականացրել է միասեռականների եւ գաստարբայթերների կախաղանը՝ դրանով ցույց տալով, որ Մոսկվայի իշխանությունները նպաստում են ազգայնական, հոմոֆոբ եւ այլատյաց տրամադրությունների տարածմանը:  

 

Նախորդ հոդվածը‘Պաղեստինցիները հրթիռակոծել են Երուսաղեմը ‘
Հաջորդ հոդվածը‘Օբաման հանդիպել է Նյու-Յորքում «Սենդիից» տուժած ընտանիքներին (Ֆոտոշարք)’