‘Պուտինը համաձայնել է Հեռավորարևելյան դաշնային մարզի մայրաքաղաքը տեղափոխել Վլադիվոստոկ’

1258

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Պրիմորիեի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոյի խնդրանքով, համաձայնել է Հեռավորարևելյան դաշնային մարզի մայրաքաղաքը Խաբարովսկից տեղափոխել Վլադիվոստոկ:

Սեպտեմբերին Խաբարովսկի երկրամասում նահանգապետի ընտրություններում Կրեմլի թեկնածու Վյաչեսլավ Շպորտը պարտվել էր ՌԼԴԿ թեկնածուին: Անհաջողություն էր կրել նաև Պրիմորիեի նահանգապետի պաշտոնակատար Անդրեյ Տարասենկոն, ինչից հետո Վլադիմիր Պուտինը Օլեգ Կոժեմյակոյին ժամկետից շուտ ազատել էր Սախալինյան մարզի նահանգապետի պաշտոնից և տեղափոխել Պրիմորիե, որտեղ նա կմասնակցի  երկրամասի ղեկավարի՝ դեկտեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին:

Հեռավոր Արևելքի մայրաքաղաքը Խաբարովսկից տեղափոխելու առաջարկով Կոժեմյակոն հանդես է եկել հոկտեմբերի սկզբին՝ Պրիմորիեի երկրամասի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելուց մի քանի օր անց:

«Ընդհանրապես՝ ես կարծում եմ, որ Պրիմորիեն պետք է լինի Հեռավոր Արևելքի մայրաքաղաքը: Ոչ թե Խաբարովսկը, այլ Վլադիվոստոկը: Մեզ համար դա, նախևառաջ, կարգավիճակ է՝ փող և ուշադրություն: Մենք հյուրասեր ժողովուրդ ենք, բոլորին կդիմավորենք»,- լրագրողներին ասել է Կոժեմյակոն:

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զուսպ է մեկնաբանել այդ գաղափարը՝ նշելով, որ շատ գործոններ կան հօգուտ այդ գաղափարի, սակայն «կան «նաև այլ տեսակետներ»:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Огласите весь список, пожалуйста»*’
Հաջորդ հոդվածը‘Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է’