‘
Ավստրիայում շուտով հարսանիք է լինելու, որին ներկա կլինի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի նախագահը կմասնակցի Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Կարին Կնայսլի հարսանեկան արարողությանը: Հարսնացուն ՌԴ առաջնորդին հրավիրել է դեռ հունիսին՝ Վիննա կատարած նրա այցի ժամանակ:
Երեկ Կրեմլում հաստատել են, որ Պուտինը, Բեռլին մեկնելու ճանապարհին, որտեղ շաբաթ օրը բանակցելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, կանգ կառնի Ավստրիայում՝ հարսանեկան արարողությանը մասնակցելու համար:
Ավստրիական հարսանիքը Ուկրաինայի սուր քննադատությանն է արժանացել. Գերագույն ռադայի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Աննա Գոպկոն հայտարարել է, որ Պուտինի մասնակցությունն այդ արարողությանը վարկաբեկում է Ավստրիայի չեզոքությունը, այն արդեն չի կարող միջնորդ համարվել ուկրաինական հարցերում:
53-ամյա Կարին Կնայսլի հրավերն ինքնին դիտորդներն անվանում են հազվագյուտ բան. նման մակարդակի քաղաքական գործիչները սովորաբար միմյանց չեն հրավիրում մասնավոր, ոչ արարողակարգային միջոցառումների:
Փոխանցում է euronews-ը:
‘