‘Պուտինը Մինսկին և Աստանային հորդորել է քննարկել ընդհանուր արժույթի հարցը’

1199

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է քննարկել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև արժույթային միություն ստեղծելու հարցը:

«Մենք մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք շարունակել դրամավարկային քաղաքականության համակարգումը: Կարծում եմ՝ արդեն ժամանակն է խոսել հետագայում արժույթային միություն ձևավորելու հնարավորության մասին»,- ասել է Պուտինը Աստանայում Բելառուսի և Ղազախստանի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ «ուս ուսի աշխատելու դեպքում ավելի հեշտ կլինի արձագանքել արտաքին ֆինանսական, տնտեսական սպառնալիքներին, պաշտպանել մեր համատեղ շուկան»:

BBC-ի ռուսական ծառայությունը զրուցել է մի շարք տնտեսագետների հետ, ովքեր կասկած են հայտնել նման միության նպատակահարմարության առթիվ: Նրանց կարծիքով՝ արժույթային միություն ստեղծելը թեպետ տրամաբանական որոշում է թվում, սակայն կարող է այնքան էլ շահավետ ձեռնարկ չլինել բոլոր կողմերի համար՝ ներկա տնտեսական իրավիճակում: Ըստ Промсвязьбанк-ի հետազոտության և վերլուծության գծով տնօրեն Նիկոլայ Կաշչեևի՝ մի կողմից՝ երեք պետությունները խոշոր առևտրային գործընկերներ են, և արժույթային միություն ստեղծելը տրամաբանական է թվում, սակայն, մյուս կողմից էլ՝ «սատանան մանրուքների մեջ է»:

Альфа-банк-ի գլխավոր տնտեսագետ Նատալյա Օռլովան նշում է, որ կողմերը կարող են միևնույն չափով շահագրգռված չլինել արժույթային շուկայի ստեղծման հարցում: «Ռուսաստանի համար դա ռուբլու ստատուսը փոխելու հնարավորություն է, դա ազդեցության ոլորտի ընդարձակում է, և մեծ հաշվով՝ արժույթային միությունը ռուբլու համար՝ նրան մեծ կայունություն հաղորդելու հնարավորություն է՝ ի հաշիվ այն արժույթների, որոնք միանում են այդ միությանը»,- պարզաբանել է Օռլովան և հավելել, որ Բելառուսի և Ղազախստանի համար Ռուսաստանի հետ այդպիսի միության մեջ մտնելը հազիվ թե մեծ կայունություն ապահովի: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Քարաթափում` Սյունիքի մարզի Կապանից Քաջարան տանող ավտոճանապարհին’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ տնտեսական զարգացման նախարարություն. ԵԱՏՄ արժութային միությանը սկզբում կարող են անդամակցել ոչ բոլոր երկրները’