‘
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի բացառում չորրորդ անգամ իր մասնակցությունը 2018 թ. նախագահական ընտրություններում:
Հաջորդ նախագահական ընտրություններին Պուտինի մասնակցության հեռանկարների վերաբերյալ հարցը «Վալդայ» բանավիճային ակումբի նիստում բարձրացվել է մի քանի անգամ (Վալդայը Ռուսաստանի Նովգորոդյան շրջանի վարչական կենտրոնն է, որտեղ արդեն տասը տարի է՝ հավաքվում են առաջատար փորձագետներ ամբողջ աշխարհից՝ բանավիճելու ամենահրատապ հարցերի շուրջ, այդ թվում՝ նաև ՌԴ նախագահի հետ): «Ես չեմ բացառում»,- ասել է Պուտինը՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ բանավիճելու ընթացքում: Սակայն մեկ ժամ անց արդեն Պուտինը հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ խոսակցությունն անվանել է վաղաժամ: Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը Ֆիյոնի հարցը բնորոշել է որպես ժամանակավրեպ և ոչ ակտուալ: «Հռետորական հարցին տրվել է համարժեք պատասխան»,- Պեսկովի խոսքերն է մեջբերել РИА Новости-ն: Իսկ քաղաքագետները Պուտինի պատասխանը միանգամայն բնական են համարել: «Այն, որ Պուտինը չի բացառում նման հնարավորությունը՝ այնքան ակնհայտ է… Մինչև ընտրությունները դեռ շատ ժամանակ կա, ինչպե՞ս նա կարող է բացառել նման հնարավորությունը: Ուստի դա նրա համար անվտանգ պատասխան էր», — լրագրողներին ասել է քաղաքագետ Նիկոլայ Զլոբինը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘