‘
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է, այսպես կոչված՝ հակաօֆշորայաին օրենք, որը հարկատուներին պարտավորեցնում է հայտնել արտասահմանյան ընկերություններում իրենց մասնակցության մասին:
ՌԴ Հարկային օրենսգրքում, հատկապես՝ վերհասկվող արտասահմանյան ընկերությունների շահույթի և օտարերկրյա կազմակերպությունների եկամուտի հարկման մասով փոփոխություններ մտցնող այս փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքէջում: Այն Պետդումայում ընդունվել է նոյեմբերի 18-ին և Դաշնային խորհրդի հավանությունն ստացել նոյեմբերի 19-ին:
Օրենքի համաձայն՝ ռուսաստանյան հարկային ռեզիդենտները պարտավոր են հայտարարագրել և հաստատել վերահսկվող օտարերկրյա ընկերության չբաշխված շահույթը: Հայտարարագրելու ենթակա շահույթի նվազագույն չափը 2015 թ. կկազմի 50 մլն ռուբլի, 2016-ին՝ 30 մլն ռուբլի, 2017-ից հետո՝ 10 մլն ռուբլի:
Վերահսկվող է ճանաչվում այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի մասնակցության մասնաբաժինն արտասահմանյան ընկերությունում 2015 թ. կկազմի ավելի քան 50 %, 2016-ից սկսած՝ 25 %: Ռուսաստանցի ռեզիդենտների համար, որոնք տիրապետում են վերահսկվող արտասահմանյան կազմակերպության ավելի քան 50 %-ը, անհատական շեմը կկազմի 10 %:
Վերահսկվող օտարերկրյա ընկերության մասին տվյալներ չտրամադրելը կամ անբավարար տվյալներ տրամադրելը պատժվու է 100 հազար ռուբլի տուգանքով՝ յուրաքանչյուր ընկերության մասով, որոնց վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվել:
Ավելի վաղ ԴԽ տնտեսական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Շատիրովը հայտարարել է, որ «զարգացած երկրներից՝ Ռուսաստանը, օֆշորներն օգտագործելու ծավալներով, աշխարհում առաջատար դիրքերից մեկն է գրավում: Ռուսաստանի տնտեսության մեծ մասն այս կամ այն չափով կապված է օֆշորների հետ, ինչը հսկայական վնաս է հասցնում երկրի շահերին»: Նրա գնահատականներով՝ այդ օրենքի կիրառումը ՌԴ բյուջեին կբերի տարեկան 150-200 մլրդ ռուբլի հարկային մուտքեր: Իսկ օֆշորային սխեմաների օգնությամբ կապիտալի արտահոսքը միայն այս տարի, ըստ պատգամավորի՝ գնահատվում է 200 մլրդ դոլար: Փոխանցում է ТАСС-ը:
‘