Սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն Սոչիում։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ հանդիպումն առերես կլինի, թեև Պուտինը շարունակում է բոլոր հանդիպումներն ու խորհրդակցություններն անցկացնել տեսակապի միջոցով։ Երկու շաբաթ առաջ Ռուսաստանի նախագահն ստիպված էր ինքնամեկուսանալ կորոնավիրուսով մի քանի հիվանդների հետ շփումների պատճառով։
Այն մասին, որ սեպտեմբերին Պուտինը և Էրդողանը հանդիպելու են Սոչիում, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով թուրք պաշտոնյաների։ Ըստ տեղեկությունների՝ քննարկման հիմնական թեման լինելու է իրավիճակը սիրիական Իդլիբում։
Կրեմլի կայքը տեղեկացնում է, որ քննարկվելու են նաև քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ։ Բացի այդ, երկու առաջնորդները մտքեր կփոխանակեն միջազգային այլ հրատապ հարցերի շուրջ, այդ թվում՝ իրավիճակի զարգացումները Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում։
Փոխանցում է BBC-ն։