‘
Ուկրաինայի գերագույն ռադայի՝ Շրջանների կուսակցության պատգամավոր Յարոսլավ Սուխոյը վրդովմունք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին վերաբերող վիրավորական սյուժեի կապակցությամբ, որն օրերս ցուցադրվել է ռուսաստանյան հեռուստատեսությամբ: Այս մասին հաղորդում է «Комментарии»-ին:
«Россия 1» հեռուստաալիքով ցուցադրված սյուժեում քննադատության է ենթարկվել Ուկրաինայի նախագահի դիրքորոշումը, որը ձգձգում է Մաքսային միության մեջ ներգրավվելու հարցի լուծումը: Իսկ հաղորդման վերջում հայտարարվել է, թե «Յանուկովիչի գործերը խայտառակ են, արդեն ամեն տեղից վախեցնում են՝ թե՛Արևմուտքից, թե՛ Արևելքից»:
«Ոնց որ թե՝ ռուսաստանցի քաղտեխնոլոգների գործերն են խայտառակ, եթե նրանք իջնում են ինքնիշխան պետության նախագահին շանտաժի ենթարկելու մակարդակին»,- վրդովված հայտարարել է ուկրաինացի պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, թե այդ կերպ ռուսաստանյան կողմը ցանկանում է ազդել Յանուկովիչի վրա և նրան ավելի զիջող դարձնել: «Բայց դա փուչ փամփուշտ է»,- հավաստիացրել է Սուխոյը: Անդրադառնալով Ռուսաստանի ղեկավարությանը՝ պատգամավորը նկատել է, որ ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ, թե «այն իրենից ինչ է ներկայացնում»: «Պուտինի գործերն էլ են խայտառակ: Նա ավելի լավ կանի՝ պատրաստվի ռուսաստանյան «մայդանին»: Պուտինը կարծում է, թե սա իր վրա էժան կնստի, և ինքը ողջ կյանքում իշխելու է»,- հայտարարել է ուկրաինացի պատգամավորը, փոխանցում է lenta.ru-ն:
‘