‘Պուտինի մամուլի քարտուղար. Պերմյակովի գործով կլինի ռուսաստանյան դատավարություն, Ռուսաստանի օրենքներով (ԳԱԼԱ)’

1234

Պերմյակովի գործով կլինի ռուսաստանյան դատավարություն, Ռուսաստանի օրենքներով: Այս մասին Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կլինի ռուսաստանյան դատավարություն, իսկ նման սարսափելի հանցագործությունների նկատմամբ ռուսաստանյան օրենսդրոթյունը ծայր աստիճան անխնա է»,-նշել է Պեսկովը: Լրագրողի խնդրանքով նա մեկնաբանել է Կրեմլի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությունը, կապված Վ.Պուտինի և Ս.Սարգսյանի միջև հունվարի 18-ին կայացած հեռախոսազրույցի հետ, որում ասված էր, որ Վլադիմիր Պուտինը «ևս մեկ անգամ» ցավակցում է հայ ժողովրդին Գյումրի ողբերգության կապակցությամբ: «ԳԱԼԱ»-ն խնդրել է ճշգրտել, թե ե՞րբ է առաջին անգամ հնչեցվել Ռուսաստանի նախագահի ցավակցությունը:

«Հանցագործության օրը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Պնախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց ունեցան իրենց հայ գործընկերների հետ և Ռուսաստանի ղեկավարության, այդ թվում նաև Վլադիմիր Պուտինի անունից ցավակցեցին հայ ժողովրդին»,-տեղեկացրել է Պեսկովը:

Պեսկովը դժվարացել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք  հեռախոսազրույցի ընթացքոմ անդրադարձ է եղել Երևանում և Գյումրիում ընթացող բողոքի ակցիաներին, ինչպես նաև Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջներին:

«Այդ հարցին ճշգրիտ պատասխանել չեմ կարող, քանի որ չեմ տիրապետում բավականաչափ ինֆորմացիայի, բայց կարծում եմ, որ հեռախոսազրույցի ընթացքում կարող էին քննարկվել ինչ-որ բողոքի ակցիաներ»,-ասել է Պեսկովը:

Մեկնաբանելով հակառուսական տրամադրությունների զարգացման հնարավորությունը, կապված Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու մերժման հետ, Պեսկովը նշել է, որ ներկայումս համատեղ քննչական գործողություններ են իրականացվում, ինչի հետ կապված սխալ կլինի ինչ-որ բան ասելը: «Եկեք սպասենք դրա ավարտին, ինչպես նաև դատավարությանը, որից հետո կխոսենք այդ մասին: Ներկա պահին ես ոչինչ չեմ կարող ասել»,-հայտարարել է նա, ընդգծելով, որ ողջ դատավարությունը պետք է ընթանա Ռուսաստանի օրենքներով:

Հունվարի 12-ին Գյումրիում սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները, իսկ ընտանիքի 7-րդ անդամը` 6 — ամսական Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին վախճանվեց Երևանի «Սուրբ Աստվածամոր» հիվանդանոցում: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը:

Նախորդ հոդվածը‘Վերջին հրաժեշտը փոքրիկ Սերյոժային (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում ‘