‘Պուտինի և Քերիի հանդիպումից հետո Կրեմլը հայտարարել է «փոխըմբռնման առաջին նշանների» մասին’

1197

Կրեմլում հայտարարել են, որ Սոչիում կայացած ռուսաստանա-ամերիկյան բանակցությունները փոխըմբռնման առաջին ազդանշաններն են տվել, թե Ռուսաստանը և ԱՄՆ-ը պետք է վերադառնան բնականոն համագործակցության, թեպետ դա չես անվանի ճեղքում փոխհարաբերություններում:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանն այդ հանդիպումը գնահատում է «որպես միանգամայն օգտակար, անհրաժեշտ և դրական»:

Երեքշաբթի Սոչիում տեղի են ունեցել բանակցություններ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև:

Պուտինն ու Քերին նաև առանձնազրույց են ունեցել Սոչիում Ռուսաստանի նախագահի «Բոչարով ռուչեյ» նստավայրում: Նրանք քննարկել են միջազգային օրակարգում առկա հիմնական խնդիրները, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը և Իրանի միջուկային ծրագիրը:

Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են ճնշում գործադրել Ուկրաինայի հակամարտության կողմերի վրա և նրանց մղել կատարելու «այն ամենը, ինչի վերաբերյալ պայմանավորվել են Մինսկում»:

Իր հերթին՝ Քերին նշել է, որ Մինսկի պայմանավորվածությունների կատարումը Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները հանելու նախապայմանն է: Նա նաև խոստացել է Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասին տեղեկացնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյին: Քերին ընդգծել է հնարավոր «բացասական էֆեկտը», եթե ՌԴ-ն C-30 զենիթահրթիռային համակարգեր փոխանցի Իրանին:

Հաղորդել է Interfax-ը:  

Նախորդ հոդվածը‘Facebook-ի ժապավենում լուրեր կհայտնվեն’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ․ «Ռեալ Մադրիդ» – «Յուվենտուս» 1:1․ Թուրինցիները դուրս են գալիս եզրափակիչ (տեսանյութ) ‘