‘Պուտինն անհրաժեշտություն է համարում ՄՄ բոլոր երկրներում ինտերնետ-առևտրի հարկերի սինխրոնացումը’

1102

Ինտերնետ-առևտրի հարկումը Մաքսային միության ներսում պետք է համաձայնեցվի, սակայն, պետույթունների ֆինանսական շահերը հաշվի առնելով, հայտարարել է նոյեմբերի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հարկման այդ մակարդակը մեզ մոտ պետք է սինխրոնացված լինի Ղազախստանի հետ, նկատի ունենալով, որ եթե Ղազախստանում լինի մի թիվ, Ռուսաստանում մեկ այլ, իսկ Բելառուսում` երրորդ թիվ, ապա ողջ բիզնեսը կհոսի կամ դեպի Ղազախստան, կամ Ռուսաստան, կամ էլ դեպի Բելառուս»,-ասել է Պուտինը, ԱԽՏՀ գագաթնաժողովում պատասխանելով լրագրողների հարցերին: «Մենք դա կանենք հավասարակշռված ձևով, որպեսզի անհիմն վնասներ չպատճառենք բիզնեսին, թողնելով աշխատանքի բարենպաստ մակարդակ և ապահովելով պետության ֆիսկալ շահերը»,-նշել է ՌԴ նախագահը: Նա նաև հայտարարել է, որ այդ ամենի մասին նախապես կհայտարարվի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Մենք ելնում ենք նրանից, որ Ռուսաստանում այդ գործունեության հարկումը չպետք է էապես տարբերվի մյուս երկրներում կիրառվող պրակտիկայից: Ներկայումս բանավեճեր են ընթանում, թե հարկման ինչպիսի՞ մակարդակ պետք է լինի Ռուսաստանի Դաշնության էլեկտրոնային առևտրի ոլորտում: Էլեկտրոնային առևտրի ծավալը մեզ մոտ բավականին բարձր է, մշտապես աճում է, և իհարկե, պետությունը պետք է ապահովի իր շահերը, բայց  ֆիսկալ քաղաքականությունը պետք է համապատասխանի նաև առևտրի այդ հատվածի զարգացման մակարդակին և այդ բիզնեսի պահանջներին»,-գտնում է Պուտինը:

Նրա խոսքով, Ռուսաստանը պետք է այդ հարցը համաձայնեցնի Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որը կսկսի գործել 2015 թվականից:

Նշենք, որ 2015 թվականից ԵԱՏՄ անդամ կդառնա նաև Հայաստանը: Իսկ այս տարվա հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեց նաև առանց տուրքերի ինտերնետ-առևտրի հարկման շեմը նվազեցնելու հարցը` 1 հազար եվրոյից մինչև 150 եվրո: Սակայն, հոկտեմբերի վերջին ՌԴ էկոնոմիկայի նախարարության ղեկավար Ալեքսեք Ուլյուկաևը հաղորդեց, որ առանց տուրքերի ինտերնետ-առևտրի շեմը նախատեսվում է սահմանել 500 եվրո, քանի որ հենց այդ մակարդակից էլ սկսվում է բիզնեսը:

Առաջարկվում է նաև բոլոր ծանրոցները սահմանափակել մինչև 10 կգ, իսկ որպես հաճախականույթուն սահմանել մեկ ամսից ոչ պակաս ժամկետը (ներկայումս սահմանաչափը կազմում է 31 կգ, իսկ հաճախականությունը չի սահմանափակվում):

Հայաստանի մաքսային օրենսդրության համաձայն, ֆիզիկական անձինք առանց տուրքերի կարող են ծանրոցներ ստանալ, որոնց արժեքը կարող է կազմել մինչև 150 հազար դրամ, իսկ առավելագույն քաշը` 20 կգ:

Նախորդ հոդվածը‘Արամ Ա. Հայերը պետք է համախմբվեն և համատեղ ջանքերով բարձրացնեն Ցեղասպանության զոհերի ունեցվածքի վերադարձի հարցը’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Բյուջեի նախագծում գրված բառերը որեւէ արժեք չունեն ‘