‘Պուտինն Ուկրաինային հիշեցրել է պարտքերի և գազի մասին’

718

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը «մեծ վտանգ» է պարունակում ռուսաստանյան տնտեսության համար: «Եթե Ուկրաինան ստորագրում է Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը, ապա նա պարտավորվություն է ստանձնում  համաձայնագրի վավերացումից երկու ամիս անց զրոյացնել մաքսային դրույքները 85 %-ով, իսկ ևս երեք տարի անց այն հասցնել 95-98 %-ի: Իսկ դա նշանակում է, որ եթե մենք պահպանենք Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտին, մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ եվրոպական արտադրության ապրանքներն ուղղակիորեն, տարանցելով Ուկրաինայի տարածքը, կհայտնվեն մեր շուկայում: Դա մեծ սպառնալիք է մեր տնտեսության համար»,- Իտալիա կատարած այցի ընթացքում հայտարարել է Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի՝ այդ հարցը Ուկրաինան, Ռուսաստանը և Եվրամիությունը կարող են քննարկել եռակողմ բանակցությունների ընթացքում: Պուտինի խոսքերով՝ Ուկրաինան գազի գնի զեղջումից Ռուսաստանին դեռ պարտք է 10 միլիարդ դոլար, որը տրամադրվել է Ղրիմում Սևծովյան նավատորմի ներկայությունը երկարաձգելու դիմաց: Բացի այդ, ուկրաինացի վարկառուները ռուսաստանյան Խնայբանկին, ВЭБ-ին, ВТБ-ին և Газпромбанк-ին պարտք են մոտավորապես 30 միլիարդ դոլար, հիշեցրել է Պուտինը: Նա նաև նշել է, թե Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ չի քննարկել գազի պայմանագրի հնարավոր վերանայման հարցը՝ Եվրամիության հետ ասոցացումից Ուկրաինայի հրաժարվելու դիմաց:

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել էր, թե Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագումը կասեցվել է Ռուսաստանի պահանջով: Ըստ Ազարովի՝ ուկրաինական կառավարության որոշման հիմնական պատճառը Մոսկվայի ճնշումն էր, ինչպես նաև  այն, որ ԵՄ-ն և ԱՄՀ-ն հրաժարվել են ընդունելի պայմաններով ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Սպիտակ տանն առաջարկում են պատժամիջոցներ սահմանել ընդդեմ Յանուկովիչի’
Հաջորդ հոդվածը‘Նախարարների բրազիլական արկածները. Օդանավակայանում պարզել են, որ տոմս չունեն ‘