Պուտինն ու Մակրոնը քննարկել են նաեւ իրադրությունը Լեռնային Ղարաբաղում

457

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում ուշադրություն է հրավիրել Բելառուսի սահմանին փախստականների նկատմամբ լեհ սահմանապահների չափազանց կոշտ վերաբերմունքի նկատմամբ։ Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Տեղեկացնելով միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իր շփումների մասին՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է ծագած խնդիրներն անմիջականորեն ԵՄ-ի և Բելառուսի ղեկավարությունների միջև  քննարկելու նպատակահարմարությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ի թիվս մի շարք խնդիրների (իրավիճակը Դոնբասում, կորոնավիրուսի դեմ պայքար, Լիբիա և այլն)՝ նախագահներն անդրադարձել են նաև իրադրությանը Լեռնային Ղարաբաղում։ Ռուսաստանի նախագահը ֆրանսիացի պաշտոնակցին հավաստիացրել է, որ Մոսկվան այսուհետև ևս քայլեր կձեռնարկի Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։

«Քննարկվել է իրերի դրությունը ղարաբաղյան կարգավորման հարցում։ Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, կշարունակի քայլեր ձեռնարկել՝ իրադրության կայունացման և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵԱ․ Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Գերմանիայի հետ
Հաջորդ հոդվածըՋոկովիչը 7-րդ անգամ ստացավ առաջին ռակետի գավաթը