‘
Նորմանդիայում, այնուամենայնիվ, շփում է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի միջև: Զրույցը կայացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայությամբ, Ֆրանսիայի նախագահ Ֆրասուա Օլանդի անունից տրվող պաշտոնական նախաճաշից առաջ:
«Խոսակցությունը վերաբերել է ճգնաժամը դադարեցնելու հնարավոր միջոցներին, այդ թվում՝ Մոսկվայի կողմից Պոռոշենկոյին որպես ընտրված նախագահ ճանաչելուն: Կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագրի մանրամասները կքննարկվեն մոտ օրերս»,- Ֆրանսիայի նախագահի պաշտոնական ներկայացուցչի հաղորդագրությունն է մեջբերում Reuters-ը: Ըստ տեղեկատվության՝ Պուտինը և Պոռոշենկոն քննարկել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության տնտեսական հետևանքները:
Ուկրաինայում ընտրությունների արդյունքերի ճանաչումը և Պուտինի և Պոռոշենկոյի միջև բանակցություններ սկսելն այն պայմանների թվում էին, որոնք նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել էին Մոսկվային՝ հակառակ դեպքում սպառնալով նոր պատժամիջոցներ սահմանել նրա նկատմամբ: Փոխանցում է BBC-ն:
‘