Ուկրաինան պլացդարմ են դարձրել՝ Ռուսաստանը ցնցելու համար։ Եվ Կիևին ուղղված կոչերը՝ շարունակելու ռազմական գործողությունները, հաստատում են, որ Ուկրաինան ընդամենը միջոց է Արևմուտքի համար։ Ուստի Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության նպատակներն անփոփոխ են, այն ընթանում է ըստ պլանի։
Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աշգաբադում, Կասպիական գագաթնաժողովին մասնակցելուց հետո լրագրողների հետ հանդիպմանը։
Ռուսաստանի համար զարմանալի չէ, որ ՆԱՏՕ-ն դիմակայությանը պատրաստվել է 2014 թվականից։ Սակայն Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին համեմատել Ուկրաինայի անդամակցության հետ չարժե, և եթե այնտեղ ՆԱՏՕ-ն ենթակառույցներ տեղադրի, ապա ՌԴ-ն հայելային պատասխան կտա, ասել է Պուտինը։
Մոսկվան մշտապես կապրի սպառնալիքի տակ, եթե նրա սահմանների մոտ՝ Ուկրաինայում, ստեղծվի հակառուսաստանյան ռազմահարթակ։ «Ի՞նչ է, մենք չե՞նք հասկանում։ Մենք մշտապես պիտի ապրենք այդ դամոկլյան սրի տակ։ Ուկրաինայից սարքել են հակա-Ռուսաստան, պլացդարմ, որպեսզի փորձեն որևէ կերպ ցնցել հենց Ռուսաստանը, սկսել են պայքարել ռուսական մշակույթի, ռուսաց լեզվի դեմ, սկսել են հետապնդել այն մարդկանց, ովքեր իրենց զգում են ռուսական աշխարհի մի մասը»,-նշել է ՌԴ նախագահը։
Փոխանցում է tass.ru-։