Պուտին․ Ռուսաստանին հակամարտություններ հարկավոր չեն արևմտյան սահմաններում

644

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին հակամարտություններ պետք չեն արևմտյան սահմաններում, սակայն Արևմուտքը, նրա կարծիքով, լուրջ չի ընդունում Մոսկվայի նախազգուշացումները «կարմիր գծերի» վերաբերյալ։

Նրա հայտարարությունը հնչել է այն հրապարակումներից հետո, թե Ռուսաստանը մեծացնում է ռազմական ներկայությունը Ուկրաինայի սահմանների մոտ։ ԶԼՄ-ների կարծիքով՝ այդ կերպ Պուտինը ազդանշան է տալիս ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին, այլ ոչ թե պատրաստվում է ներխուժման։

Հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահը ելույթ է ունեցել ԱԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում և ասել է հետևյալը․

«Որոշակի անհանգստություն այնտեղ (Արևմուտքում), այնուամենայնիվ, ծագել է։ Եվ այդ կապակցությամբ ես այստեղ երկու պահ եմ նկատում։ Առաջին՝ հարկավոր է, որ այդ վիճակը նրանց մոտ պահպանվի հնարավորինս երկար, որպեսզի նրանց մտքով չանցնի մեր արևմտյան սահմաններում ինչ-որ հակամարտություն սարքել, որը մեզ պետք չի»։

Երկրորդը, ինչը պահանջել է Պուտինը՝ Ռուսաստանին լուրջ, երկարաժամկետ երաշխիքներ տրամադրել՝ այդ ուղղությամբ անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։

Դա, ըստ Պուտինի՝ անհրաժեշտ է՝ «կարմիր գծերը» ամրացնելու համար, որոնք Արևմուտքը չպետք է անցնի։

«Մեր գործընկերները շատ յուրահատուկ են և, ինչպես ավելի մեղմ ասեմ, շատ մակերեսային են վերաբերվում մեր բոլոր նախազգուշացումներին և «կարմիր գծերի» մասին խոսակցություններին»,- հայտարարել է Պուտինը։

Որպես «կարմիր գծերը» հատելու օրինակ՝ Պուտինը նշել է Կիևին «ժամանակակից մահացու զենք» մատակարարելը և «Սև ծովում սադրիչ զորավարժություններ» անցկացնելը։ «ՆԱՏՕ-ի երկրների ռազմավարական ռմբարկուները թռչում են Ռուսաստանի սահմաններից 20 կմ հեռավորությամբ, և դա արդեն չափից դուրս է»,- վրդովվել է Պուտինը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԵԱ․ Կանանց Հայաստանի թիմը պարտվեց ուկրաինացիներին
Հաջորդ հոդվածըԱվստրիայի խորհրդարանը թույլ է տվել դատելու նախկին կանցլերին