‘Պուտին, եկել ես՝ արի պաչեմ’

2181

Փորձեցի համաշխարհային արարողակարգերը փորփրել ու գտնել մի դեպք, երբ պետական այցով երկիր ժամանող նախագահը մեկուկես ժամ առանց բացատրության ուշանա, իսկ ընդունող երկրի նախագահը այդ ամբողջ ընթացքում օդակայանում սրտի թրթիռով սպասի ու չիմանա՝ «ցարը» կգա՞, թե՞ չի գա:

Ու մե ծիծաղ, մե ուրախություն, երբ Պուտինի ինքնաթիռը հայտնվեց Գյումրիի օդում: Ու Սերժիկ Սարգսյանը, երջանկությունից կուրացած, փաթաթվեց, որ պաչի Պուտինին, իսկ նա էլ մի այնպիսի «ցրողականություն» դրսևորեց, որ խեղճ Սերժիկը մանթոյից չգիտեր՝ ինչ աներ: Դե, իր կյանքում այդպիսի պահեր շատ են լինում, այդ պատճառով էլ արագ դուրս եկավ այդ վիճակից:

Դու էլ բան գտար, Պուտին, մի հատ պաչիկն ի՞նչ էր, որ չտվեցիր Սերժիկին՝ վերջինիս լիակատար երջանկության համար:

Կամ գոնե գայիր ու մասնակցեիր հայ և ռուս կանանց արձանի բացմանը, որ մեր Սերժիկը ստիպված չլիներ «քո» պետական այցը անցկացնել Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարարի հետ:

Ընդհանուր առմամբ՝ պետական այցերը քաղաքական մեծ իրադարձություն են համարվում, սակայն երբ պետական այցի շրջանակներում ընդունող երկիրը իր ունեցած-չունեցածը նվիրում է հյուր եկող երկրին, դա արդեն ոչ թե պետական այց է, այլ հարկահավաք այց:

Մենակ Պուտինի ականջը չընկնի, որ նրան ասում եմ՝ հյուր, որովհետև նա իրեն այնպես էր Գյումրիում պահում, կարծես՝ երկրի տերն ինքն է, իսկ Սերժիկ Սարգսյանը պարզապես այս երկրի գյուղապետն է, ով հարկերը հավաքում ու փոխանցում է «խազեինին»:

Որտե՞ղ է նման բան լսված, որ ցուցարարներին բռնեն այն բանի համար, որ հայտարարում են՝ Հայաստանը ազատ և անկախ երկիր է, շատ էլ, թե մեկ այլ երկրի նախագահի պետական այցի ժամանակ: Թե՞ Սերժիկը մտածում է, որ Պուտինը, այդ ամենը լսելով՝ կարող է ջղայնանալ ու մի երկու ճլոթի ավել տալ իրեն այն կապակցությամբ, թե ինչպե՞ս կարող են իր տիրապետության տակ գտնվող երկրում այդպիսի «հակապետական» մտքեր հայտնել:

Բայց չէ, եկեք դուզը խոսենք՝ կարող էր նաև սրանից բեթար լինել, չնայած՝ մեր երկրի իշխանությունները Պուտինին հիշեցրին Գյումրու «իսկական» անունը, որ Ալեքսանդրապոլ է եղել ռուս ցարի պատվին, բայց գոնե անմիջապես դրանից հետո քաղաքը չվերանվանեցին, ու նաև Գյուլիստանի պայմանագրի հիշեցման նման չհիշեցրին Ալեքսանդրապոլի պայմանագրի դրական կողմերի մասին:

Հիշեցման կարգով ասեմ, որ ըստ Ալեքսանդրապոլի պայմանագրի՝ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացիրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին` ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։

Փաստորեն, Սերժիկ Սարգսյանի հմուտ քաղաքականության շնորհիվ էս անգամ էլ բախտներս բերեց:

Միսակ Մարտինյան 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր 2. Սերժ Սարգսյանը չի հավատում իր աչքերին’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ոստիկանության՝ բերման են ենթարկվել 110 քաղաքացիներ ‘