‘Պուտին. Ղրիմում մենք ոչ մեկին չենք օկուպացրել’

1107

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը Ղրիմում չի խախտել միջազգային իրավունքը: «Ղրիմի դեպքում միջազգային իրավունքը չի խախտվել: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր ժողովուրդ ինքնորոշման իրավունք ունի»,- հայտարարել է Պուտինը:

«Մենք չենք կռվել, չենք օկուպացրել ոչ ոքի,  չենք կրակել, ոչ մի մարդ չի զոհվել Ղրիմի դեպքերի ընթացքում: Ո՛չ մի: Մենք զինված ուժերն օգտագործել ենք միայն նրա համար, որպեսզի Ուկրաինայի՝ այնտեղ գտնվող քսան հազարից ավելի զինվորականներին թույլ չտանք խանգարել մարդկանց ազատ կամարտահայտմանը»,- ասել է ՌԴ նախագահը:

Ի դեպ, Ռուսաստանը Ուկրաինան իր ժամանակակից սահմաններով ճանաչել է՝ ստորագրելով երեք միջազգային պայմանագիր. 1991 թ. Ալմաթիի հռչակագիրը, 1994 թ. Բուդապեշտի հուշագիրը և 1997 թ. ՌԴ Սևծովյան նավատորմը Ղրիմի նավահանգիստներում կայանելու վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կնքված համաձայնագիրը: Այս պարտավորություններին հակառակ՝ Ռուսաստանն իր ռազմական ներկայությունը Ղրիմում մեծացրել է առանց Ուկրաինայի համաձայնության:

Որոշ փորձագետների գնահատականներով՝ Ռուսաստանի գործողությունները թերակղզում տեղական ռուսաստանամետ իշխանության մարմիններին հնարավորություն են տվել դուրս մղելու Ուկրաինայի պետական իշխանության օրինական մարմինները: Իրավաբանորեն՝ դա հստակ վկայում է ինտերվենցիայի լուրջ ակտի մասին, իսկ ռուսաստանյան ռազմական ստորաբաժանումների մասնակցության պարագայում դա կարող է բնորոշվել որպես զինված ինտերվենցիա: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ամանորյա գիշերը Քյոլնում կատարված հարձակումների թիվն անցել է 500-ից’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» վեպը’