‘
Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի ամբողջ աշխատակազմը` 15 աշխատակից, հրաժարական է ներկայացնել` որպես բողոքի նշան նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության չբացահայտման:
Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը Պռոշյանից, այս պահին աշխատակիցներից 13-ը, դիմումը ձեռքին, սպասում է այն նորընտիր գյուղապետ, ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանին ներկայացնելուն: Աշխատակիցներից երկուսն ի պաշտոնե կարող են հրաժարական տալ` առանց դիմումի ներկայացման: Գյուղապետարանի աշխատակիցները նշում են, որ խնդիրը նոր գյուղապետը չէ, այլ այն, որ Հրաչ Մուրադյանի սպանությունը շարունակում է մնալ չբացահայտված:
Անդրադառնալով իր աշխատակիցների հրաժարականներին` գյուղապետ Արթուր Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե «եթե ուզում են, կարող են գնալ, գյուղում լիքը կրթված մարդ կա գյուղապետարանում աշխատելու համար»:
Հարցին, թե արդյոք աթոռը թանկ է նրա համար, գյուղապետն ասաց, թե իր համար «գյուղացին է թանկ»:
Լրագրողներից մեկի արտահայտած մտքին, թե 5-6 մարդ ամեն օր գյուղապետարան աշխատանքի է գալիս, մինչդեռ աշխատակից չէ, Արթուր Մուրադյանն ասաց, որ նրանք գյուղի բնակիչներն են, որոնցից մեկին անգամ ինքը մտադիր է տեղակալ նշանակել:
Պռոշյան համայնքում հուլիսի 14-ին տեղի ունեցած՝ գյուղապետի արտահերթ ընտրություններում հաղթել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածու Արթուր Ստյոպայի Մուրադյանը: Գյուղապետի արտահերթ ընտրությունները պայմանավորված էին նրանով, որ 2013թ. ապրիլի 2-ին սպանվել էր Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը: Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի համաձայն` հունիսի 7-ին Կոտայքի մարզպետի որոշմամբ` գյուղապետի պաշտոնակատար էր նշանակվել Պռոշյանի գյուղի բնակիչ Արմենուհի Մելիքյանը: Գյուղացիները սակայն, ընդվզելով այդ որոշման դեմ, թույլ չէին տվել Մելիքյանին մուտք գործել գյուղապետարան: Ավելի ուշ Արմենուհի Մելիքյանը հրաժարական էր տվել:
‘