Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը դիտարկում է թիմի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին վերադարձնելու տարբերակը, եթե որոշի հեռացնել ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեին եւ համաձայնության չհասնի Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Զինեդին Զիդանին, հաղորդում է RMC Sport-ը։
Թոմաս Տուխելը 2022թ․ սեպտեմբերին «Չելսիից» հեռացվելուց հետո մարզչական աշխատանք չունի։ Նա «Չելսին» գլխավորել էր 2021թ․ հունվարին։ Մարզչական կարիերայի ընթացքում Տուխելը գլխավորել է նաեւ գերմանական «Աուգսբուրգի» երկրորդ թիմը, «Մայնցը», Դորտմունդի «Բորուսիան»։
ՊՍԺ-ի ղեկավարությունը դժգոհ է Կրիստոֆ Գալտիեի աշխատանքից։ Մեկ շաբաթում փարիզյան թիմը երեք պարտություն է կրել՝ «Մարսելից» (1:2) Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում, «Մոնակոյից» (1:3) Ֆրանսիայի առաջնությունում եւ «Բավարիայից» (0:1) Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։