Լիվերպուլի «Էվերտոնի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը կարող է կարիերան շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ում, հաղորդում է RMC Sport-ը։ Փարիզյան ակումբի ղեկավարությունը 24-ամյա ֆուտբոլիստին համարում է հնարավոր փոխարինող աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին, որն այս ամռանը կամ հաջորդ ամռանը կհեռանա ՊՍԺ-ից։
Ռիշարլիսոնն ընկերական հարաբերություններ ունի ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հետ։ Այդ գործոնը եւս կարող է խթանել Ռիշարլիսոնի տեղափոխությունը Փարիզ։
Անցած մրցաշրջանում Ռիշարլիսոնը «Էվերտոնի» հետ մասնակցել է 40 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Նա Բրազիլիայի հավաքականի հետ դարձել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն։
