‘
Պրահայի քաղաքային դատարանը երեքշաբթի ազատ է արձակել Թուրքիայի պահանջով կիրակի գիշերը Չեխիայի մայրաքաղաքում ձերբակալված՝ քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության նախկին համանախագահ Սալեհ Մուսլիմին: Այդ մասին լրագրողներին հայտնել է սիրիացի քաղաքական գործչի փաստաբանը:
«Դատարանը հիմքեր չի գտել Սալեհ Մուսլիմին նախնական կալանքի վերցնելու համար: Նա ազատ է արձակվել»,- ասել է փաստաբանը:
Սալեհ Մուսլիմը ձերբակալվել է կիրակի երեկոյան: Պրահայում, որտեղ նա ժամանել էր Բրյուսելից, քաղաքական գործիչը մասնակցում էր Մերձավոր Արևելքին նվիրված միջազգային համաժողովին:
«Դեմոկրատական միությունը» Սիրիայի հյուսիսային մասում առաջատար քրդական քաղաքական կուսակցությունն է: Անկարան այն համարում է Թուրքիայում և Եվրամիությունում ահաբեկչական ճանաչված Քրդստանի բանվորական կուսակցության մի ճյուղը:
Փոխանցում է tass.ru-ն:
‘