Անգլիայի Պրեմիեր լիգան որոշել է խստացնել պատժամիջոցները ֆուտբոլային հանդիպումների ժամանակ խաղադաշտ ներխուժած ֆանատների համար։ Հաջորդ մրցաշրջանից Անգլիայի առաջնության հանդիպումների ժամանակ խաղադաշտ մտած ֆուտբոլասերները ցմահ կզրկվեն Անգլիայում ստադիոն մտնելու հնարավորությունից, հաղորդում է Sky-ը։
«Երկրպագուները պետք է հիշեն, որ խաղադաշտ դուրս գալը անօրինական գործողություն է։ Խաղադաշտը նախատեսված է բացառապես ֆուտբոլ խաղալու համար։ Ֆուտբոլիստները, մարզիչները, մրցավարները եւ հանդիպումը սպասարկող այլ աշխատակիցներ պետք է իրենց անվտանգության համար որեւէ մտավախություն չունենան»,- նշել է Պրեմիեր լիգայի ղեկավար Ռիչարդ Մասթերսը։
Հիշեցնենք, որ Անգլիայի ավարտված առաջնությունում երկրորդ տարին անընդմեջ չեմպիոնի տիտղոսը նվաճել է «Մանչեսթեր Սիթին»։