‘
Ազգային Ժողովի արտահերթ նիստում քննարկվում է ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Օրենքը նպատակ ունի բանակում պրոֆեսիոնալ կրտսեր հրամանատարական կազմ ձեւավորել:
Հայ ազգային կոնգրես խմբակցությունից պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հիմնական զեկուցող, ՊՆ փոխնախարար Արա Նազարյանին հարց ուղղեց՝ արդյո՞ք սերժանտների ինստիտուտի հիմնումը ջոկից մինչեւ գունդ լուծելու է ստորին սպայական հրամանատարական կազմի պակասի խնդիրը:
Փոխնախարարն ի պատասպան նշեց, որ տվյալ ինստիտուտի ներդրումը կօժանդակի կրտսեր հրամանատարական կազմի՝ ռազմական ուսումնարաններն ավարտած եւ համապատասխան պաշտոններում նշանակված դասակի հրամանատարներին:
«Ավելի շատ օգնելու է այն առումով, որ կրտսեր հրամանատարական սպայական կազմի խնդիրները կկարգավորեն տակտիկական հարթությունում, իսկ սերժանտները կլուծեն անմիջական կազմակերպական հարցեր եւ ամենօրյա ծառայություն կիրականացնեն զինվորների հետ: Երբ որ պերմանենտ գործող պրոֆեսիոնալ սերժանտները կդառնան դասակի հրամանատարներ, կկարողանան տակտիկական մակարդակում կառավարել դասակը», — ասաց Արա Նազարյանը:
‘