‘
Ձոլան խոսում է Մունդիալի խնդրի մասին առանց ավելորդությունների։ Ռուսաստան տանող տոմսի համար Իտալիան կպայքարի Շվեդիայի հետ։ Հանդիպումը յուրատեսակ խաչմերուկ է իտալական ֆուտբոլի համար, սակայն սըր Ջանֆրանկոն այլ կերպ է մտածում և հենց այդպես էլ ասում է։
— Իտալիայի դուրս մնալը ողբերգությո՞ւն կլինի։
— Բոլորովին։ Ողբերգությունն այլ բան է։ Հիշում եմ, երբ Գերմանիան 2000-ին դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից։ Այդ հիասթափությունը ծնունդ տվեց իրական վերակառուցման։ Գերմանական ֆուտբոլը կրկին բարձունքում է։
— Ո՞րն է Իտալիայի խնդիրը։
— Թիմերը չափազանց շատ ժամանակ են հատկացնում միայն արդյունքին և մոռանում են խաղի մասին։ Որակը պակասում է, իմ ժամանակ իմ դիրքի համար յոթ-ութ այլընտրանք կար։ Հիմա Իտալիան դժվարանում է ստեղծագործ ֆուտբոլիստներ «արտադրել», մինչդեռ Իսպանիայում նրանք շատ են և բոլորը խաղում են։
— Որոշ ժամանակ Ա սերիայում 10 համարները գործնականում վտարվել էին։
— Ես հեռացա, որովհետև փլեյմեյքերները դժվար կյանք ունեն։ «Պարմայում» ստիպված էի երկրորդ հարձակվողի դերում խաղալ։ Չափազանց մեծ կարևորություն էր տրվում խաղային համակարգերին։ Միշտ էլ անհատն է խաղի մեջ տարբերություն մտցնում։
— Իսկ հիմա իրավիճակն ինչպիսի՞ն է։
— Վերջերս միտումը փոխվել է։ «Յուվեն» ուժեղ թիմ է և դա ցույց է տվել նաև Եվրոպայում։ «Նապոլիին» շատ եմ հավանում, Սարրիին «Էմպոլիի» ժամանակներից եմ հետևում։ Հրաշալի աշխատանք է կատարում։ Թիմն ամուր մեխանիզմներ ունի և հիշողությամբ է խաղում։ Կատարյալ խառնուրդ է։
— Ո՞րն է Ա սերիայի և Պրեմիեր լիգայի տարբերությունը։
— Անգլիական հանդիպումների լարվածությունն անհավատալի է։ Անցյալում մենք տակտիկապես գերազանցում էինք նրանց, բայց այժմ Պրեմիեր լիգան այդ առումով հսկայական քայլեր է արել։
— Մինչդեռ օտարերկրացիները չեն կասկածում, որ Ա սերիայում մարզական պատրաստվածությունն ավելի խիստ է։
— Մարզումների որակն այլ է։ Իտալիայում մարզումները երկու ժամ են տևում և անգամ փուլ ունեն, որում խիստ կարևորվում է դիրքավորումը։ Անգլիայում շաբաթվա ընթացքում ավելի քիչ են աշխատում, բայց խաղի ժամանակ ավելի շատ են վազում։ Կարևոր է հավասարակշռություն գտնել տակտիկայի, ֆիզիկական պատրաստվածության և տեխնիկայի միջև։
— Բայց իտալացի մարզիչներն իրենց խոսքն են ասում Պրեմիեր լիգայում։
— Հաջողության են հասնում նրանք, ովքեր կարողանում են հարմարվել իրավիճակին։ Խոսում եմ Ռանիերիի մասին, բայց նաև Կոնտեի, որը բացառիկ աշխատանք է տանում «Չելսիում»։ Կարողացավ այնպես անել, որ անգլիական ավանդույթների փոխարեն իր մեթոդներն ընդունվեն։ Սննդի հարցում հսկայական քայլեր է կատարել։ Խաղացողները ձուկ և կարտոֆիլ ֆրի ուտում են միայն խաղից հետո, բայց խաղից առաջ հասկացել են բրեզաոլայի (ապխտած տավարի մսից իտալական ուտեստ) կարևորությունը։
— Ո՞վ կնվաճի սկուդետտոն։
— «Նապոլին», եթե կարողանա իր խաղը խաղալ մինչև առաջնության ավարտը։
‘