‘Ջեյմս Ապատուրայ. Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն գերազանց հարաբերությունների են հասել ‘

793

ՆԱՏՕ-ի գործընկերության նոր քաղաքականությանը նվիրված սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած` Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը  «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում խոսել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարների, ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու բացասական հետեւանքների եւ այլ խնդիրների շուրջ:  

-Պարոն Ապատուրայ, Հայաստանը փորձում է ակտիվացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը մի քանի ծրագրերի շրջանակներում: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունների առաջընթացը Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում:

-Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն գերազանց հարաբերությունների են հասել վերջին տարիներին: Հայաստանը ՆԱՏՕ-ի գործողությունների հաստատուն մասնակիցն է Աֆղանստանում եւ Կոսովոյում: Հայկական զինուժի սպաներ, Հայաստանի նախարարությունների մի շարք պաշտոնյաներ ամեն տարի մասնակցում են «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի հովանու ներքո կազմակերպված գործողություններին: Բացի այդ, Հայաստանը ակտիվորեն ներգրավված է ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ ՆԱՏՕ-ի գործընկերների քաղաքական քննարկումներում: Լավագույն օրինակն այս շաբաթվա ՆԱՏՕ-ի գործընկերության զարգացման վերաբերյալ միջզագային սեմինարն է:

-Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է: Այս փաստը ուրեւէ կերպ ազդո՞ւմ  է ՆԱՏՕի հետ Հայաստանի հարաբերությունների վրա, ինչոր լարվածություն ծագե՞լ է ՀայաստանՆԱՏՕ հարաբերություններում:

-Ոչ, ես ոչ մի լարվածություն չեմ տեսնում այստեղ: Մենք մեր գործընկերներին չենք խնդրում նախապատվությունը տալ այս մեկին կամ մյուսին:

-Հայաստանը նաեւ մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին, մասնավորապես Կոսովոյում եւ Աֆղանստանում: Ինչպե՞ս եք գնահատում այս առաքելություններում Հայաստանի ներդրումը:

-Հայաստանը այս գործողություններում հաստատուն մասնակից է: ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Հայաստանի՝ մեր գործողություններին ուժեր տրամադրելու հանձնառությունը: Զինված ուժերը նշանակալի դեր են կատարում առաքելություններում, իսկ արտերկրում ձեռք բերած փորձը նպաստում է Հայաստանի զինուժի զարգացմանը:

-Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Հոնգարիայից արտահանձնելուց եւ հայրենիքում ազատ արձակելուց հետո շատ տեսակետներ հնչեցին, որ ՆԱՏՕ-ն պետք է խստագույնս դատապարտի այդ փաստը եւ պետք է դադարեցնի իր ծրագրերում Ադրբեջանի մասնակցությունը: Ի՞նչ արձագանք ունեք այս մեկնաբանություններին, արդյոք ՆԱՏՕ-ն պատրաստ է  ձեռնարկել որեւէ լուրջ քայլ Ադրբեջանի դեմ:

-Կարծում եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հստակ է արտահայտվել սեպտեմբերին Երեւան եւ Բաքու կատարած այցելությունների ժամանակ: Նա իր խորը մտահոգությունը հայտնեց ադրբեջանցի սպա Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ որոշում ընդունելու առնչությամբ: 2004 թ.-ին այս սպայի կատարած գործողությունը սարսափելի հանցագործություն էր, որը պետք է չփառաբանվեր: Ներում շնորհելը վնասում է երկու կողմերի միջեւ վստահությանը եւ չի նպաստում բանակցային գործընթացին:

-Սաֆարովին ազատ արձակելուց հետո լարվածությունը տարածաշրջանում, մասնավորապես ԼՂ-ի հակամարտության շուրջ, թեժացավ: Ինչպե՞ս եք տեսնում ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը՝ հատկապես Ադրբեջանի քայլից հետո, որը մեծապես վնասեց խաղաղ բանակցություններին:

-Լեռնային Ղարաբաղի համակարտությունը ռազմական լուծում չունի, և դիվանագիտական ուղու համար առաջընթացն անհրաժեշտ է: Հակամարտությունից ուղղակիորեն տուժած երկու կողմերի ժողովուրդներն արժանի են խաղաղության: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, ակտիվորեն միջնորդություն են ցուցաբերում այս հարցում, սակայն նույնիսկ այս ազդեցիկ երկրները չեն կարող հաջողության հասնել, եթե հակամարտության կողմերը փոխզիջման մոտեցում չեն ցուցաբերում: Իսկ փոխզիջումը կնշանակի, որ երկու կողմերն էլ գնում են զիջումներ անելու քայլին: Եթե փոխզիջումային լուծումը համաձայնեցվի, դա ամբողջ տարածաշրջանի համար վիթխարի խթան կլինի:

 

Նախորդ հոդվածը‘Օբաման, ըստ 105-ամյա քենիացի կախարդի գուշակության, կվերընտրվի ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դատախազությունը կքննի «Սենդիի» օրերին բենզինի շուկայում նկատված չարաշահումները ‘