‘Ջեյմս Քոմին Թրամփին մեղադրել է ստախոսության և ՀԴԲ-ին զրպարտելու համար’

2771

ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմին ամերիկյան սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի լսումների ընթացքում մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ստախոսության և իր գերատեսչությանը զրպարտելու համար:

Ըստ Քոմիի՝ Թրամփի պարզաբանումներն իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ «անակնկալ են եղել» իր համար, քանի որ դրանից առաջ նախագահն իրեն հավաստիացրել է, որ ինքը հրաշալի է գլուխ հանում իր գործից: «Ես անչափ զարմացա, երբ հեռուստատեսության լուրերից իմացա, որ նախագահն ինձ ազատել է Ռուսաստանի հետ կապված հետաքննության պատճառով… Դա անհեթեթ էր ինձ համար»,- ասել է Քոմին:

ՀԴԲ նախկին տնօրենը պնդում է, որ նախկինում Թրամփը բազմիցս ասել է, որ ինքը «գերազանց է աշխատում»: Քոմին նաև ենթադրություն է արել, թե իրեն ազատել են աշխատանքից, որպեսզի «փոխեն Մոսկվայի հետ կապված հետաքննության անցկացման եղանակը»: «Ես գիտեմ, որ ինձ ազատել են այդ հետաքննության պատճառով: Դա ինչ-որ կերպ ճնշում էր Թրամփին ու նյարդայնացնում նրան»,- ասել է Քոմին՝ երդման տակ պատասխանելով սենատորների հարցին: Հարցաքննությունը տևել է գրեթե երեք ժամ, և այդ ողջ ընթացքում ՀԴԲ նախկին տնօրենը հանդարտություն է պահպանել, ու միայն երբեմն նրա խոսքը հուզական երանգներ է ստացել: «Սպիտակ տունը որոշեց վիրավորել ինձ և, որ շատ ավելի կարևոր է՝ ՀԴԲ-ին՝ հայտարարելով, որ գործակալությունը վատ է կառավարվել»,- ասել է Ջեյմս Քոմին:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Միհրան Հարությունյանը որևէ առնչություն չունի Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցի հետ’
Հաջորդ հոդվածը‘Շոտլանդիայի եպիսկոպոսական եկեղեցին թույլատրել է համասեռական ամուսնությունները’