‘Ջենիֆեր Լոպեսը ներողություն է խնդրել’

738

Հանրահայտ երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ներողություն է խնդրել այն բանի համար, որ ելույթ է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ծննդյան տոնակատարության ժամանակ,  տեղեկացնում է Mail Online-ը՝ վկայակոչելով  Լոպեսի հայտարարությունը: Դրանում ասվում է, թե Լոպեսը ոչ մի դեպքում չէր մասնակցի այդ համերգին, եթե իմանար այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված վիճակը: Թուրքմենստանում ելույթ ունենալու առաջարկը, երգչուհու խոսքերով՝ քննարկել և համաձայնեցրել են իր ներկայացուցիչները: Բացի այդ, ըստ Լոպեսի՝ Բերդիմուհամեդովի համար «Happy birthday, Mr President»  երգը համերգի մյուս մասնակիցների հետ միասին կատարելու առաջարկը կազմակերպիչների կողմից ստացվել է վերջին պահին, և ինքը «սիրալիր կերպով» համաձայնել է այն կատարել:

Ամերիկյան երգչուհու ելույթը Բերդիմուհամեդովի 56-ամյա տոնակատարության ժամանակ տեղի է ունեցել հունիսի 29-ին, Կասպից ծովի «Ավազա» հանգստավայրում: Համերգին մասնակցել են նաև Ֆիլիպ Կիրկորովը, Սատի Կազանովան, «Ռեֆլեքս» խումբը, Անի Լորակը և արտիստներ Թուրքիայից ու Լիբանանից: Թուրքմենական ԶԼՄ-ների տվյալներով՝ Լոպեսը վերջին շնորհավորական երգը կատարել է թուրքմենական ազգային տարազով:

Նախօրեին ամերիկուհու ելույթը քննադատել է «Պայքար հանուն մարդու իրավունքների» հիմնադրամը: Կազմակերպությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, թե Լոպեսն ինքը կարող է որոշել՝ ո՛ր «բռնապետի» առջև ելույթ ունենա ու փող վաստակի: Սակայն նման գործողությունները, իրավապաշտպանների կարծիքով՝ վարկաբեկում են երգչուհուն՝ որպես Amnesty Internacional ծրագրի՝ մեքսիկացի կանանց իրավունքների պաշտպանության ակտիվ մասնակցի, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուղիղ միացում Կահիրեի Թահրիր հրապարակից’
Հաջորդ հոդվածը‘Ջոն Քերին ուրիշ երկրներին լրտեսելը սովորական պրակտիկա է համարում’