Ջեք Դորսին լքում է Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

127

Twitter սոցիալական ցանցի հիմնադիրներից մեկը՝ Ջեք Դորսին, հայտարարել է համանուն ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալու մասին։

«Ես որոշեցի, որ վերջապես պաշտոնը լքելու ժամանակն է»,- ասվում է Դորսիի հայտարարության մեջ։ Նա հավելել է, որ այդ պաշտոնում նրան կփոխարինի Twitter-ի ներկայիս տեխնիկական տնօրեն Պարագ Ագրավալը։

Twitter սոցիալական ցանցը ստեղծել են ամերիկյան  Odeo ընկերության աշխատակիցներ Դորսին, Նոա Գլասը, Էվան Ուիլյամսը և Բիզ Սթուոնը։ Ցանցում առաջին հաղորդագրությունը («Ուղղակի Twitter-ս եմ կարգավորում») Դորսին հրապարակել է 2006 թ․ մարտի 21-ին, իսկ 2021 թ․ մարտի 21-ին այդ հրապարակումն աճուրդում, որպես անփոխանակելի տոկեն, վաճառվել է ավելի քան 2,9 մլն դոլարով։

Դորսին Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնն զբաղեցրել է 2006-2008 թթ․, ապա այնտեղ է վերադարձել 2015-ին։ Forbes-ը նրա ունեցվածքը գնահատում է 1,1 մլրդ դոլար։ 2021 թ․ երրորդ եռամսյակի տվյալներով՝ Twitter-ից ամբողջ աշխարհում օրական օգտվում է միջին հաշվով 211 մլն մարդ։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՖրանսիա․ Ժոզեֆինա Բեյքերը կվերահուղարկավորվի Պանթեոնում
Հաջորդ հոդվածըESPN. Յան Օբլակը՝ տարվա լավագույն դարպասապահ