‘Ջիգարխանյան. Ընկերս ասաց՝ ՀՀ իշխանությունները վախենում են «Քաջ Նազարից», այդ առակն այդ հորինված տերերի մասին է ‘

2600

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը հարցազրույց է տվել ռուսական «Էքսպրեսս գազետա» թերթին, որտեղ նաև ուշագրավ մի հատված կա ՀՀ իշխանությունների վերաբերյալ:

Հատվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

«-Դուք արձակուրդ ունենո՞ւմ եք:

-Ամեն օր: Թատրոնում եմ հանգստանում: Ես չէ՞ որ քեզ այդ մասին արդեն ասել եմ, իսկ դու ուշադիր չեղար, որ թատրոնը սեռական ակտ է: Ես դրանից երջանկանում եմ: Դա բացարձակ ստրկություն է, որին ինքս եմ գնում՝ գիտակցելով, որ դա անհրաժեշտ է ինձ: Թատրոնում ծերանալ չկա, այնտեղ ամեն անգամ նոր էմոցիաներ են: Թատրոնը լավ բան է, կարծում եմ՝ ամենալավը: Արվեստը հրաշալի է նրանով, որ այսօր ես Ներոն եմ, վաղը՝ Լյուդովիկոս: Բացի դա, ես նաև իրավունք եմ ստանում մշակութային չինովնիկների երեսին բեմից այնպիսի բառեր շպրտել, որոնք կյանքում չէի ասի, հակառակ դեպքում` նա ինձ դուրս կշպրտեր: (Ծիծաղում է): Մենք նաև մի հրաշալի հայկական առակ ունենք՝ «Քաջ Նազարը»: Ես այնքան տարիներ եմ երազել այն բեմադրելու մասին….

-Իսկ ի՞նչն է խանգարում:

-Փող չկա: Երբ որ Մոսկվայում՝ Երևանի դեսպանատանը ինձ պարգևատրում էին շքանշանով, ես պատմեցի իմ երազանքի մասին: Եւ այն ժամանակ Հայաստանի ներկայիս նախագահը խոստացավ. «Արմեն Բորիսովիչ, միակ խնդրանքն այն է, որ պրեմիերան պետք է խաղաք Երևանում»: Ես ասացի, որ դա շատ թանկ հաճույք է: Եւ ի պատասխան լսեցի. «Արմեն Բորիսովիչ, բա չե՞ք ամաչում»: Հետո ես զանգեցի, և այդ ամենն ավարտվեց նրանով, որ փող չտվեցին: Եւ մի խելացի ընկեր ինձ ասաց. «Մի՞թե դու չես հասկանում, որ նրանք վախենում են «Քաջ Նազարից»: Որովհետև այդ առակն այդ հորինված տերերի մասին է»: 

Նախորդ հոդվածը‘Այս տարվա երեք եռամսյակներում Հայաստան է ներկրվել 36 հազար ավտոմեքենա. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Վճարովի անընկալունակություն. «ՉԻ»’