‘Ջհանգիրյան. Արդարության ու արդարադատության այսպիսի ժառանգությամբ Հայաստանը ապագա չունի ‘

797

ԱԺ Հայ ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը Խորհրդարանի այսօրվա նիստում:

«Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից անցել է վեց տարի:Մինչ օրս չեն բացահայտվել, և քրեական պատասխանատվության չեն  ենթարկվել  առնվազն տասն սպանությունները կատարած, մի քանի հարյուր հոգու հրազենային, բեկորային և այլ ծանր վնասվածքներ հասցրած անձանցից և ոչ մեկը:Հարյուրավոր տուժածներ չեն օգտվել Սահմանադրությամբ նախատեսված դատական պաշտպանության իրավունքից, չեն ստացել համարժեք փոխհատուցում:

Ստեղծված իրավիճակի համար Հայաստանի Հանրապետության գործադիր,   դատական և օրենսդիր իշխանությունները համապարտ պատասխանատվություն  են  կրում:

Գործադիրը, հանձինս ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, Հատուկ  քննչական  ծառայության, ՀՀ դատախազության, չեն բացահայտել, քրեական պատասխանատվության չեն կանչել սպանություններ կատարողներին, ծանր վնասվածքներ հասցնողներին, արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը ապօրինի ներգրավված զինված կառույցների ղեկավարներին ու ապօրինի զինված խմբերին:Մի խոսքով՝ կոծկել ու պարտակել են իրադարձությունների բուն մասնակիցներին, մեղավորներին  ու  պատասխանատուներին:

Խոչընդոտել ու խանգարել են միջազգային կառույցների ճնշման արդյունքում ստեղծված փաստահավաք խմբի աշխատանքներին, անտեսել վերջինիս կազմած բոլոր զեկույցները, ի վերջո՝ լուծարել փաստահավաք խումբը:

 Դատարաններն այդ ընթացքում շինծու մեղադրանքներով դատել ու դատապարտել են  90 քաղաքացու, կալանավորել երկու անգամ ավելի մեծ թվով անձանց, մերժել են Մարտի 1-2-ի զոհերի իրավահաջորդների անխտիր բոլոր հայցերը՝ իրավապահ մարմինների անգործությունը վիճարկելու, կյանքի իրավունքի խախտումները ճանաչելու և համապատասխան փոխհատուցում տալու վերաբերյալ:

ՀՀ Ազգային ժողովը չի ընդդիմացել 2008 թ. Մարտի 1-ի Ռ .Քոչարյանի  «Արտակարգ դրություն հայտարարելու մասին »  հակասահմանադրական հրամանագրի գործադրմանը, ՀՀ գլխավոր դատախազն իրավաբանորեն անգրագետ մեկ միջնորդությամբ իր չորս պատգամավորներին  երկու ժամվա ընթացքում հանձնել է դատական հաշվեհարդարի, ՀՀ քր.օր-ի 300 և 225 հոդ. 2009 թ. կատարված փոփոխություններով արհեստական հիմքեր է ստեղծել ամիսներ շարունակ ապօրինի անազատության մեջ պահվող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ փորձել է օրինական տեսք տալ Մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հակասահմանադրական հրամանագրին, մոտ 10 տարի չի վավերացրել  նիստերի փոքր օրակարգ ընդգրկված 1983թ. Ստրասբուրգի «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցում տալու մասին» կոնվենցիան: Երեկ  էլ, երկրորդ անգամ, մերժեց մարտի 1-2-ի դեպքերով ԱԺ-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:

Արդարության ու արդարադատության այսպիսի ժառանգությամբ Հայաստանի Հանրապետությունը ապագա չունի: Հարգելի քաղաքական մեծամասնություն, դուք առայժմ կարող եք շտկել կատարվածը, թեկուզ հետին թվով պատժել մեղավորներին, հետո  նման հնարավորություն կարող է էլ ձեզ չընձեռվի»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՀ-ն նվազեցրել է Հայաստանի 2013-2014 թվականների ՀՆԱ աճի կանխատեսումը’
Հաջորդ հոդվածը‘Արարատյան դաշտավայրին սպառնում է անապատացում’