‘Ջհանգիրյան. Գյումրիի գործով հիմնական խնդիրը շարժառիթների բացահայտումն է (Տեսանյութ)’

1587

Ռուսական կողմը չի կարող արգելել հայաստանցի իրավապահներին՝ մուտք գործել 102-րդ ռազմաբազայի տարածք եւ Գյումրիի սպանությունների գործով քննչական գործողություններ կատարել,  «Կենտրոն» ՀԸ «Ուրվագիծ» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

Նրա խոսքով, թեեւ մեղադրյալը գտնվում է ՌԴ իրավազորության ներքո, բոլոր դեպքերում, քննչական գործողությունները պետք է կատարեն ՀՀ իրավապահները:

Բացի դրանից, Ջհանգիրյանի խոսքով, քանի որ գործի քննության մեջ ներգրավվելու են տարբեր մարդիկ՝ տուժողների իրավահաջոդներ, վկաներ, հարեւաններ եւ այլն, ամենայն հավանականությամբ, դատավարությունը պետք է տեղի ունենա Հայաստանում՝ ռազմական բազայի տարածքում:

Անդրադառնալով 1999-ի համանման դեպքին, երբ բազայի զինվորականները Գյումրիում երկու մարդու էին սպանել եւ շատերին վիրավորել, Ջհանգիրյանը նշեց, որ այն ժամանակ հանցագործները ձերբակալվել են ՀՀ տարածքում, ինչը հնարավորություն է տվել բոլոր նախաքննական եւ դատաքննական գործողությունները կատարել ՀՀ-ում, ՀՀ մարմինների կողմից: 

«Շան գլուխը թաքնված է ձերբակալման փաստի մեջ: Եթե փաստացի ձերբակալումը թեկուզ ռուսական կողմն աներ, բայց արձանագրությունը կատարվեր Գյումրիի որեւէ ոստիկանական բաժանմունքում, ապա նա (Պերմյակովը-խմբ) կլիներ ՀՀ իրավազորության ներքո: Բայց այս դեպքում նա կմնա ՌԴ իրավազորության ներքո: Օրինակ, ենթադրենք, վթարից հետո Հրաչյա Հարությունյանին ինչ-որ կերպ հնարավոր լիներ կամ պատսպարվել ՀՀ դեսպանատան տարածքում, կամ Հայաստանի տարածքում: ՀՀ իշխանությունները չէին կարող նրան հանձնել ՌԴ իրավապահներին: Որովհետեւ դա արգելում է ՀՀ Սահմանադրությունը», — ասաց պատգամավորը:

Գագիկ Ջհանգիրրյանը նշեց նաեւ, որ հանցագործությունը շատ արտառոց է, եւ քննության հիմնական խնդիրը պետք է լինի՝ բացահայտել դրա շարժառիթները:

«Այդ բացատրությունները մառազմատիկ, որ ջուր էր ուզում խմել, վկաներին վերացրեց եւ այլն, շատ հարցեր են առաջացնում: Եթե նա վկաներից էր ուզում ձերբազատվել, մանկահասակ երեխային ինչո՞ւ էր սպանում, եթե նա ուզում էր հետքերը վերացնել՝ ինչո՞ւ էր թողնում իր հագուստը, զենքը, այլ իրեղեն ապացույցներ: Կա՛մ նա լրջագույն անձնական մոտիվներ պետք է ունենար՝ բարուրի մեջ գտնվող երեխային դանակահարելու համար, կամ ինչ-որ հոգեկան շեղումների ազդեցության տակ լիներ», — նշեց պատգամավորը՝ շեշտելով, որ ՀՀ իրավապահները ռուսաստանցի գործընկերների հետ համատեղ պետք է վեր հանեն բոլոր մանրամասներ, որպեսզի հասարակության ներսում կասկածներ չմնան: 

Նախորդ հոդվածը‘Վան Գալը «Յունայթեդ»-ի կազմը համալրելու համար կծախսի 150 մլն ֆունտ’
Հաջորդ հոդվածը‘Կարլես Պույոլը` ֆուտբոլային գործակալ’