‘Ջհանգիրյան. Իշխան Զաքարյանի անձի նկատմամբ Աժ-ում ոչ մի սպառնալիք չէր լինելու’

1042

Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումների ժամանակ, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի փոխարեն՝ զեկույցը ներկայացնում էր պալատի ներկայացուցիչ Սեյրան Ավագյանը: Այս կապակցությամբ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց. «Սահմանադրությունն ասում է, որ Ազգային ժողովը գործում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների եւ ԱԺ կանոնակարգ օրենքի հիման վրա: Կանոնակարգ օրենքի 101 հոդվածում ասվում է, որ հաշվետվությամբ հանդես է գալիս Վերահսկիչ պալատի նախագահը: Եթե մենք՝ օրենսդիր մարմնի անդամներս, չենք հարգում մեր իսկ կողմից ընդունված օրենքը, ինչու՞ այդ օրենքը պետք է հարգի գործադիրը, ինչու՞ պետք է այդ օրենքի դրույթներին հետեւեն պաշտոնատար անձինք, շարքային քաղաքացիները: Իշխան Զաքարյանի անձի նկատմամբ այստեղ ոչ մի սպառնալիք չէր լինելու:

Մենք երկու տարվա քննարկումների ընթացքում որոշակի պայմանավորվածություններ ունեինք: Օրինակ՝ պետք է Իշխան Զաքարյանը ներկայացներ 2012 թվականի հաշվետվությունների արդյունքները, որոնք մենք ուղարկել էինք իրավապահ մարմիններին: Հիմա մենք այս հարցերը ինչպե՞ս ուղղենք Սեյրան Ավագյանին:

Նախորդ տարիների ծրագրերը քննարկվել են խմբակցությունների հետ, իսկ այս տարի՝ միայն հանձնաժողովների: Ծրագիրը ներկայացնում է խորհրդի մի անդամ, հաշվետվությամբ հանդես է գալիս մեկ ուրիշ անդամ, բայց այդ մարմինը ունի իր ղեկավարը: Մեր պահանջը տարրական օրենսդրական դրույթի կատարման պահանջ է»,- նշեց Գագիկ Ջհանգիրյանը:

Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ հարգելի բացակայող մարդը պետք է փոխարինող ունենա: «Սեյրան Ավագյանը նույնպես կարող է պատասխանել բոլոր հարցերին: Իհարկե, շատ լավ կլիներ, որ Իշխան Զաքարյանը լիներ, սակայն ունենք այն, ինչ ունենք»,- ասաց նա: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Բերձորի դեպքերը և ՀՀ իշխանության «անմեղությունը»’
Հաջորդ հոդվածը‘Ճանապարհային ոստիկանության Երեւանի վարչության պետը պաշտոնանկ է արվել’