‘
Ազգային ժողովը քննարկում է մի խումբ պատգամավորների ներկայացրած օրենսդրական փաթեթը: Փաթեթը նախատեսում է ստեղծել փորձագետների աշխատանքային խումբ՝ Բյուջետային գրասենյակ, որը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին կտրամադրի մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն:
Նախագծի հեղինակների համոզմամբ՝ օրինագիծը նպաստում է խորհրդարանի վերահսկողական գործառույթների ավելի արդյունավետ իրականացմանը:
Մինչդեռ, պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի համոզմամբ, օրինագիծը եւ դրա հիման վրա ստեղծվող գրասենյակը հակասահմանադրական են:
«Սահմանադրության 2-րդ հոդվածի երկրորդ մասն ասում է՝ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ընտրությունների,… Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց միջոցով: Հիմա՝ մենք այս գրասենյակը, որը ստեղծում ենք, իշխանության ո՞ր ճյուղի կամ Սահմանադրության նախատեսած ո՞ր մարմնի մեջ ենք տեղավորում», — Հայ ազգային կոնգրես խմբակցության անունից ելույթ ունենալով՝ հարցադրեց Ջհանգիրյանը:
Նրա խոսքով, նախատեսվող գրասենյակը սահմանադրական մարմին չէ, ոչ էլ պետական որեւէ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումն է լինելու: «Դուք գրել եք, որ գրասենյակի հաստիքները ԱԺ հաստիքացուցակում են: Ինչպե՞ս կարող է՝ ԱԺ հաստիքացուցակում լինի, բայց աշխատակազմի մեջ չլինի: Նախագծի հեղինակը շատ լավ հասկանում է, որ սա հակասահմանադրական մարմին է, դրա համար էլ չի օժտում լիազորություններով», — նշեց պատգամավորը:
Ջհանգիրյանի խոսքով, Սահմանադրությունն արդեն իսկ սահմանել է բյուջետային վերահսկողություն իրականացնող մարմինների շրջանակը: Դահլիճից հնչող ռեպլիկին, թե՝ ստեղծվում է ոչ թե պետական մարմին, այլ գրասենյակ, Ջհանգիրյանը արձագանքեց.
«Եթե մարմին չի լինում, ապա այս երկում կա երկու բան՝ կամ ձեռնարկատիրական կազմակերպություն, ՓԲԸ, ՍՊԸ եւ այլն, կամ ֆիզիկական անձ: Սա ինչ է՝ լոբի ուտողների ՀԿ է՞, թե՞ գարեջուր սիրողների ասոցիացիա: Պետական մարմին եք սարքում, աշխատավարձ եք տալիս: Բա որ մարմին չի, ի՞նչ աշխատավարձ է ստանում», — նշեց նա:
Պատգամավորի կարծիքով, այս մարմինը, հնարավոր է, Վերահսկիչ պալատի դեմ է ստեղծվում, «մանավանդ որ ՎՊ նախագահը վերջին զեկույցին չեկավ՝ փախած էր, թե ուր էր»:
«Ժողովուրդ ջան, եթե ՎՊ նախագահին չեք վստահում՝ հանեք նրան, բայց մարմիններ ստեղծելով ո՞նց կլինի: Դուք գնում եք նպատակահարմարության սկզբունքով, ոչ թե օրինականության ու սահմանադրականության: Դրա համար էլ այս իշխանությունն է Սահմանադրությունից հիմնական դժգոհողը: Մեր խմբակցությունը դեմ է, եւ ես կոչ եմ անում զերծ մնալ Սահմանադրության դեմ բաներ անելուց: Սա է դեռ մեր հիմնական օրենքը: Ես գիտեմ, որ ձեր շարքերում նստած իրավաբանները նույն կարծիքի են, ինչ ես, նրանք չեն ասելու, բայց ես ասում եմ՝ հակասահմանադրական մարմիններ մի ստեղծեք», — եզրափակեց Գագիկ Ջհանգիրյանը:
‘