‘
Ազգային Ժողովում արտահերթ կարգով քննարկվում է կառավարության ներկայացրած՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին սոցիալական աջակցություն նախատեսող օրինագիծը:
Հայ ազգային կոնգրես խմբակցությունից պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, նշելով, որ նախագիծը հավակնում է արժանանալ բոլոր խմբակցությունների հավանությանը, այնուհանդերձ նկատեց, որ նախագծով սահմանամերձ համայնքներում հարկերից ազատելու իրավունքը վերապահվում է կառավարությանը, ինչը, ըստ պատգամավորի, իրավական հակասություն է ստեղծելու օրենսդրության հետ:
Նա նշեց նաեւ, որ համայնքներին տրվող հարկային փոխհատուցվող գումարի չափը չի ամրագրվում օրենքի մեջ՝ առաջարկելով շտկել այս թերությունները:
Նախագծի հիմնական զեկուցող, տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ի պատասխան նշեց, որ կառավարությունը ոչ թե հարկերից ազատում է սահմանամերձ համայնքների բնակիչներին, այլ պարտավորվում է պետական բյուջեից տեղական ինքնակառավարման մարմիններին փոխհատուցել հարկերը:
Նա ասաց, որ 2014-ի համար սահմանամերձ համայնքներում վճարվել է 65 միլիոն դրամ գույքահարկ եւ շուրջ 10 միլիոն դրամի հողի հարկ:
‘