‘
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին:
ՀՀ նոր գլխավոր դատախազը պաշտոնավարում է մեկ տարի, ՀՔԾ-ի պետը՝ տարի ու կես: «Մարտի 1-ի» գործի քննչական խմբի արդեն երկրորդ ղեկավարն է փոխվում:
Դեպքերից անցել է 6,5 տարի: Բացահայտված չէ ոչ մի սպանություն, հրազենային վնասվածքներ հասցնելու և ոչ մի դեպք:
Ո՞վ կկռահի՝ քանի՞ գլխավոր դատախազ, ՀՔԾ-ի քանի՞ պետ և քննչական խմբի քանի՞ ղեկավար պետք է փոխվեն, որ մարտի 1-ը բացահայտվի:
«Ազատություն» ռադիոկայանի 05.09.14թ հարցմանը ՀՔԾ-ն պատասխանել է, որ «մարտի 1-ի» գործով իբր ակտիվ քննչական գործողություններ են կատարվում: Այնքան ակտիվ, որ քննչական խմբի նոր ղեկավարի ինքնությունը գաղտնի է պահվում նույնիսկ տուժողների իրավահաջորդներից: Իսկ մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ այդպես էլ ստուգման ու քննության առարկա չեն դառնում ԶՈՒ–ի ներգրավման օրինականության, բանակի ստորաբաժանումների կողմից զենքի ու տեխնիկայի գործադրման, մարտի 1-2-ի դեպքերին ապօրինի զինված կազմավորումների մասնակցության հարցերը: Մինչ օրս խնամքով պարտակում են ցուցարարների վրա կրակ արձակելու հրաման տված պաշտոնյաների ինքնությունը:
Նույնիսկ ոչ մասնագետի համար է ակնհայտ, որ չեն կարող չբացահայտվել մի քանի հազար ոստիկանների, զինծառայողների, հատուկ ծառայության աշխատակիցների ներկայությամբ ու մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերի հանգամանքները: Ի՞նչ է, մեր օպերատիվ հետախուզական, քննչական ու դատախազական մարմինները պրոֆեսիոնալ անկարողների հավաքատեղի՞ են:
Ինչո՞ւ է, ի վերջո, երկրի բարձրագույն իշխանությունը հանդուրժում նման իրավապահների:
Այս պարագայում բացարձակ անընդունելի ու անհասկանալի է ԱԺ-ի լռությունն ու իներտությունը: Կառավարման պառլամենտական համակարգի անցմանն այսօր կողմնակից քաղաքական մեծամասնությունը համառորեն հրաժարվում է գործադրել պառլամենտի ունեցած վերահսկողության նույնիսկ համեստ ու անվտանգ գործիքները, դրժում մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հրապարակային տրված իր իսկ խոստումը:
Հետեւությունը մեկն է. իշխող վարչախումբը իր առջեւ խնդիր է դրել ոչ թե բացահայտել ու պատժել մարտի 1-ի սպանդի կազմակերպիչներին ու կատարողներին, այլ ամեն գնով՝ պարտակել ու հովանավորել մարդասպաններին:
Ահա թե ինչու հարյուրավոր անմեղ մարդկանց մտացածին (մոգոնած) մեղադրանքներով բանտերը լցրած, արդարադատության դեմ ծանրագույն հանցանքներ գործած իրավապահ պաշտոնյաները ոչ միայն շարունակում են պաշտոնավարել, այլեւ տարբեր խրախուսանքների և առաջխաղացումների են արժանանում, որպես անփոխարինելի բրածոներ՝ գերատեսչությունից-գերատեսչություն տեղափոխվում:
Իրենց անպատժելիությունից գլխապտույտ՝ ոմանք էլ անթաքույց հոխորտում են, թե տուժողներն են մեղավոր, որ մարտի 1-ը չի բացահայտվում:
Բանակը սեփական ժողովրդի դեմ հանած, անմեղ քաղաքացիներին գնդակահարած մարդասպանների ու նրանց հովանավորների պատասխանատվության օրը գալու է:
‘