‘Ջհանգիրյան. Վերահսկիչ պալատը «մոռացել է» պատգամավորներին քննարկումների հրավիրել (Տեսանյութ)’

1002

ԱԺ-ում Վերահսկիչ պալատի ծրագրի քննարկման ժամանակ Հայ ազգայնին կոնգրես խմբակցությունից պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ խորհրդարանը դեռ չի քննարկել ՎՊ անցնող տարվա գործունեության հաշվետվությունը, այնինչ արդեն քննարկվում է հաջորդ տարվա ծրագիրը:

«Ի՞նչ գիտենք, անցնող տարվա ընթացքում ի՞նչ են արել, ինչ խորությամբ, ո՞ր ոլորտում են թերացել, որ ոլորտում՝ գերակատարել», — հարցրեց Ջհանգիրյանը:

Ի պատասխան, Հերմինե Նաղդալյանը նշեց, որ հաշվետվությունը բոլոր հանձնաժողովներում քննարկվել է, այն լիագումար նիստի ժամանակ չի քննարկվում:

«Քանի որ սա վերջին քառօրյան է, եւ ծրագիրը պետք է քննարկվի, որպեսզի հունվարի 1-ից ՎՊ-ը սկսի գործել, դրա համար էլ նման որոշում ենք կայացրել», — ասաց Նաղդալյանը:

Արձագանքելով՝ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ «վերջին քառօրյան» արդարացում չէ: Նա նաեւ խորհուրդ տվեց հանձնաժողովում քննարկումները չնույնացնել լիագումար նիստերում քննարկումների հետ:

Այնուհետեւ Ջհանգիրյանը հարց ուղղեց ՎՊ ներկայացուցիչ, Պալատի խորհրդի անդամ Լիլիթ Գեւորգյանին: Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը խորհրդարանից խնդրել էր պատգամավորներ «կցել» ՎՊ-ին, որոնք պետք է մասնակցեին Պալատի խորհրդի նիստերին:  

«Ի՞նչ եղավ: Էդ մի աղմկահարույց (2013-ի հունիսի-խմբ.) քննարկումից հետո փլուզվե՞ց: Արդեն տարիուկես է ոչ մի խորհրդի նիստ կամ չեք անում, կամ պատգամավորները չեն հրավիրվում», — հարցրեց պատգամավորը:

ՎՊ ներկայացուցիչը համաձայնեց, որ «իսկապես, մի շարք տրադիցիաներ կային»:

Նրա խոսքով, ՎՊ ուսումնասիրությունները սկսում եւ ավարտվում են տարվա ընթացքում, բայց դրանց վերլուծությունները երկար են տեւում: Դրա համար էլ, տիկին Գեւորգյանի խոսքով, ինչպես անցած, այնպես է այս տարի քննարկումները լինում են տարվա վերջում: Նրա խոսքով, պատգամավորների հետ բաց քննարկումներ կլինեն հունվարին:

Այս պատասխանը, սակայն, չբավարարեց Գագիկ Ջհանգիրյանին: Նա նկատեց, որ ՎՊ-ը ոլորտային ուսումնասիրություններ է կատարում եւ զեկույցներ հաստատում խորհրդի նիստերում: Ըստ պատգամավորի, այդ բոլոր նիստերի ժամանակ ՎՊ-ը պետք է մասնակցության հրավերներ ուղարկեր պատգամավորներին:  «Առնվազն 15-20 խորհրդի նիստ եք արել, առանց մեզ տեղյակ պահելու», — նշեց  նա: 

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Ուկրաինայի կառավարությունում Սաակաշվիլիի զինակիցների նշանակումները հարուցել են Թբիլիսիի դժգոհությունը’
Հաջորդ հոդվածը‘«Նաիրիտը» վաղը գործադուլ է անելու’