Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ երկու երկրների միջև հարաբերություններում շարունակում են նշանակալի բարդություններ լինել, այդ թվում՝ Սոլսբերիում ՀԳՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված։
Երկուշաբթի երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել Մեծ Բրիտանիայում բացվող բնապահպանական գագաթնաժողովից առաջ։
Ինչպես նշվում է Դաունինգ-սթրիթի պաշտոնական հաղորդագրության մեջ, Բորիս Ջոնսոնը «պարզ հասկացրել է, որ Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև ներկայիս հարաբերություններն այնպիսին չեն, ինչպես ինքը կուզենար, որ լինեին», և «նշանակալի բարդություններ դեռ կան, այդ թվում՝ կապված 2018 թ․ Սոլսբերիում թունավորման հետ»։
Կրեմլի կայքում նույնպես հաղորդագրություն կա հեռախոսազանգի մասին, սակայն Սոլսբերիի թունավորումն այնտեղ չի նշվում։
Երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև իրավիճակն Ուկրաինայում։ «Վարչապետն ընդգծել է Ուկրաինայի ինքնիշխանության կարևորությունը»,- հաղորդում է բրիտանական կառավարությունը։
Փոխանցում է BBC-ն։
