Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանի անդամներին տեղեկացրել է, որ առանց ռուսաստանցի այլ պաշտոնյաների՝ հանդիպումներ է ունեցել ռուսաստանցի գործարար, նախկին միլիարդատեր Ալեքսանդր Լեբեդևի հետ, որը ժամանակին աշխատել է ԿԳԲ-ում։
«Ես հաստատ նրա հետ հանդիպել եմ առանց պաշտոնական անձանց ներկայության։ Հանդիպել եմ մի քանի անգամ»,- ասել է քաղաքական ճգնաժամի մեջ գտնվող բրիտանացի վարչապետը։
Այն հարցին, թե արդյո՞ք հանդիպել է Լեբեդևի հետ Իտալիայում 2018 թ․, երբ դեռ արտաքին գործերի նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, Ջոնսոնը կրկին դրական է պատասխանել։
Հենց Ջոնսոնն է Ալեքսանդր Լեբեդևի որդուն՝ Եվգենիին դարձրել Լորդերի պալատի անդամ։ Այդ նշանակումը շատ խոսակցությունների առիթ էր տվել, և ինչպես պնդում էր Sunday Times թերթը, լորդի տիտղոսը Լեբեդև-կրտսերին շնորհվել էր՝ չնայած հատուկ ծառայությունների նախազգուշացումներին, որ այդ մարդը կարող է սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգությանը։
Լորդ Լեբեդևն ինքը՝ Evening Standard թերթի ներկայիս սեփականատերը, միշտ հերքել է, թե ինքը սպառնալիք է ներկայացնում Մեծ Բրիտանիայի համար։
Փոխանցում է BBC-ն։