‘
Թեպետ սենատոր Ջոն ՄըքՔեյնը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կուսակիցներ էին, նրանց միջև երկար ժամանակ կատաղի մրցակցություն է եղել:
Սենատորը Թրամփի ամենասուր քննադատներից էր նրա նախագահական ժամկետի հենց ամենասկզբից:
Թրամփն էլ պարտքի տակ չէր մնում. մի անգամ, օրինակ, նա հրապարակավ կասկած էր հայտնել, թե արդյո՞ք իսկապես հերոսություն էր ՄըքՔեյնի՝ Վիետնամական պատերազմում գերության մեջ հայտնվելը: Ընդ որում, դա արել էր այն բանից հետո, երբ սենատորը քննադատել էր նախագահական ընտրապայքարի ընթացքում Թրամփի այն ծրագիրը, ըստ որի՝ նա մտադիր էր պարիսպ կառուցել Մեքսիկայի սահմանին՝ ներգաղթյալների հոսքը կասեցնելու համար: ՄըքՔեյնն այն ժամանակ ասել էր, որ նա իր այդ հայացքներով «սադրում է հոգեկան հիվանդներին»:
Դրանից անմիջապես հետո, Այովայում իր համախոհների հետ հանդիպմանը, Թրամփը հայտարարել էր, որ ՄըքՔեյնին չի համարում պատերազմի հերոս: «Նա հերոս չէ, չէ՞ որ նա գերի է ընկել: Ինձ ավելի դուր են գալիս այն մարդիկ, ովքեր գերի չեն ընկել»,- ասել էր Թրամփը:
Թրամփի այս գրոհին ՄըքՔեյնը պատասխանել էր մի քանի տարի անց, և միայն ակնարկելով՝ քննադատելով նրանց, ովքեր բավական փող ունեն՝ զինվորական ծառայությունից խուսափելու և վճարելու համար այն բժիշկներին, ովքեր «պատրաստ են նրանց մոտ ոսկրային խախտումներ հայտնաբերել»:
Բանն այն է, որ Դոնալդ Թրամփը 1960-ականներին հինգ տեղեկանքն է ստացել այն մասին, որ ինքը պիտանի չէ զինվորական ծառայության համար, ընդ որում՝ չորս անգամ՝ ուսման հանգամանքներով, իսկ հինգերորդը՝ «ոտքերի կոճերին կալցիումի գոյացությունների պատճառով»:
Երբ 2018 թ. մարտին Վլադիմիր Պուտինը վերընտրվեց նախագահական նոր ժամկետում, ՄըքՔեյնը խիստ քննադատեց ԱՄՆ նախագահին՝ «բռնապետին» շնորհավորելու համար: «ԱՄՆ նախագահը՝ ազատ աշխարհի առաջնորդը, չպետք է շնորհավորի բռնապետներին անարդար ընտրություններում հաղթանակի կապակցությամբ»,- ասել էր ՄըքՔեյնը:
Փոխանցում է BBC-ն:
‘