‘Ջուլիան Ասանժի երաշխավորները ստիպված կլինեն վճարել գրավը ‘

720

Ջուլիան Ասանժի ինը կողմնակիցներին, որոնք գրավի դիմաց նրան ազատ արձակելիս հանդես են եկել որպես երաշխավորներ, պարտավորեցրել են վճարել իրենց երաշխավորած գումարը՝ 93 500 ֆունտ սթեռլինգը, հաղորդում է  BBC News-ը: Բրիտանացի դատավոր Հովարդ Ռիդլն այդ վճիռը հրապարակելիս պարզաբանել է, որ Wikileaks-ի հիմնադիրը չի կատարել գրավի դիմաց ազատ արձակելու պայմանները և արդարադատությունից թաքնվել է Էկվադորի դեսպանատանը, ուստի երաշխավորները պարտավոր են պետությանը վճարել գրավը:  Երաշխավորների փաստարկներն այն մասին, թե իրենք չեն իմացել Ասանժի փախչելու ծրագրերի մասին, դատավորը չի ընդունել: Ըստ վերջինիս՝ եթե երաշխավորներն ուզում են պահպանել իրենց գումարները, ապա պետք է Ասանժին համոզեն հանձնվել ոստիկանությանը: Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, նա Wikileaks –ի հիմնադրի կողմնակիցներին պարտավորեցրել է վճարել 3500-ից մինչև 15 հազար ֆունտ՝  ըստ երաշխավորության գումարի: Երաշխավորների անունները չեն հրապարակվում, սակայն ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանց թվում կան հայտնի դեմքեր: Այնուամենայնիվ, 240 հազար ֆունտ սթեռլինգ գրավից ընդամենը 100 հազարն է վճարվել անմիջապես, իսկ մնացած գումարի համար որպես երաշխավորներ հանդես են եկել Ասանժի ինը կողմնակիցները: Դատարանի որոշման համաձայն՝ գումարը պետք է մուծվի 2012 թ. նոյեմբերի 6-ից ոչ ուշ:

 

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Մեր սպասելիքները արդարացվել են’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի հավաքականը կգլխավորի Ալեքսանդր Զավարովը’