‘
Երեկ երեկոյան հայտնի դարձան Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի հաղթողները։ Առաջին մրցանակի արժանացավ Հայաստանը ներկայացնող սոպրանո Ջուլիետա Ալեքսանյանը, երկրորդ մրցանակը շնորհվեց Ազամատ Ժելտիրգուզովին (Ղազախստան, բարիտոն), երրորդ մրցանակակիր դարձավ Գագիկ Վարդանյանը (Հայաստան, բարիտոն)։ Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը։ Տարբեր կազմակերպությունների, մրցույթի ժյուրիի անդամների կողմից շնորհվեցին նաև հատուկ մրցանակներ։
Մրցույթի մասնակից Լիլիանա Նատալի Բյուիքիանսը (ԱՄՆ, սոպրանո) հատուկ մրցանակների արժանացավ Կոմիտասի երգի, ինչպես նաև 17-18-րդ դարերի արիայի լավագույն մեկնաբանությունների համար:
Հայ կոմպոզիտորի երգի/ռոմանսի լավագույն մեկնաբանության համար հատուկ մրցանակ ստացավ Գագիկ Վարդանյանը:
Ազամատ Ժելտիրգուզովն արժանացավ ռուս կոմպոզիտորի արիայի լավագույն մեկնաբանության և ազգային երգի լավագույն մեկնաբանության համար հատուկ մրցանակների:
Տիգրան Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» օպերայից արիայի լավագույն մեկնաբանության համար մրցանակներ շնորհվեցին Ազամատին և մրցույթի հաղթող Ջուլիետա Ալեքսանյանին:
Հանդիսատեսի համակրանք մրցանակին արժանացավ Տիգրան Օհանյանը (Հայաստան, տենոր):
Լավագույն կոնցերտմայստեր ճանաչվեց Ելենա Վարդազարյանը: Եղան նաև այլ մրցանակներ։
Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։
‘