‘Ջ.Ուորլիք. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են հրադադարի շուրջ համաձայնագրի պահպանում’

641

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են հրադադարի շուրջ համաձայնագրի պահպանում, հատկապես, Սոչիի օլիմպիական խաղերի նախաշեմին, որոնք սկսվում են մի քանի օր անց: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական ԱՊԱ գործակալության հրապարակած հարցազրույցում:

Նրա ասելով, լարվածությունը շփման գծում ազդում է բանակցությունների վրա: «Նոյեմբերի 19-ից հետո (Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում – խմբ.) մենք ոգևորված էինք: Կար մի շրջան, երբ երկու կողմերը հավատարիմ էին հրադադարի շուրջ համաձայնագրին: Եվ միջադեպերի թիվը նվազել էր: Մենք դա ընկալում էինք որպես լավ նշան: Այժմ մենք գիտենք, որ այդ հարցը չափազանց փխրուն է, ինչը ցույց տվեցին նախորդ շաբաթների իրադարձությունները: Անհրաժեշտ է համոզվել, որ կա երկու կողմերի վստահություն, և մթնոլորտը բարենպաստ է առաջընթացի հասնելու համար: Ես հուսով եմ, որ բոլոր կողմերը լիովին կպահպանեն հրադադարի շուրջ համաձայնագիրը` ստանձնած պարտավորություններին համապատասխան», — ընդգծել է համանախագահը, նշելով, որ ներկայիս լարվածությունն իրոք ազդում է բանակցությունների վրա:

Ուորլիքը նշել է նաեւ, որ իրենք մտադիր են շարունակել աշխատանքը երկու երկրների նախագահների, արտգործնախարարների հետ, անցկացնել հետաքրքիր քննարկումներ բոլոր կողմերի հետ՝ փորձելով նպաստել գործընթացի առաջընթացին: 

 

Նախորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանի որդու՝ Շահենի դեմ ռազմագիտության ուսուցիչը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում դժվար է խոսել սահմանադրության մասին’