‘Ռադան մերժել է Մայդանի զոհերին Հերոսի կոչում շնորհելու օրինագիծը’

791

Գերագույն ռադան մերժել է Երկնային հարյուրյակի հերոսներին ետմահու Ուկրաինայի Հերոսի կոչում շնորհելու առաջարկը, փոխանցում է УНН-ն: Համապատասխան օրինագիծը, որը ներկայացրել էր ազգայնական «Ազատություն» կուսակցությունից պատգամավոր Իրինա Ֆարիոնը, չի հավաքել անհրաժեշտ ձայները:  Այն ընդունելու օգտին քվեարկել է 108 պատգամավոր, մինչդեռ նվազագույն շեմը 150 ձայնն էր:

Հուլիսի 1-ին Գերագույն ռադան քվեարկեց Երկնային հարյուրյակի շքանշան սահմանելու օգտին՝ ի պատիվ Եվրամայդանի զոհված ակտիվիստների: Օրինագիծը խորհրդարան էր ներկայացրել նախագահ Պյոտր Պոռոշենկոն: Շքանշանը շնորհվելու է  հայրենասիրության և քաղաքացիական խիզախության համար, որոնք դրսևորվել են Մայդանում 2013 թ. նոյեմբերից մինչև 2014 թ. փետրվար ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ընդհարումների ժամանակ: Շքանշանի թողարկմամբ զբաղվելու է Ուկրաինայի Ազգային բանկը:

Երկնային հարյուրյակ ընդունված է կոչել Եվրամայդանի՝ Ինստիտուտսկայա և Գրուշևսկու փողոցներում  զոհված կողմնակիցներին: Երեք օրվա ընթացքում՝ փետրվարի 18-21-ը, բախումների զոհ դարձավ 82 մարդ, մեծ մասը՝ դիպուկահարների կրակոցներից: Ուկրաինայի խորհրդարանը մշակում է բախումների վայր հանդիսացած փողոցներից մեկը Երկնային հարյուրյակի հերոսներ անվանակոչելու հարցը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն արգելել է Մարադոնային այցելել մարզադաշտերի VIP оթյակներ’
Հաջորդ հոդվածը‘Femen-ը մերկացնում է կուրծքը՝ ի հեճուկս Շվեդիայի վարչապետի’